Երևանը կողմ է ՄԱԿ-ի բանաձևին, սակայն ձեռնպահ է Մոսկվային ագրեսոր որակավորմանը

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևում Ուկրաինայի և Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայի մասին պարբերությանը

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ում անցած շաբաթ ընդունված ՄԱԿ-ի և Եվրախորհրդի միջև համագործակցության մասին բանաձևին, որը ներառում էր «Եվրոպայի առջև այսօր ծառացած աննախադեպ մարտահրավերները Ուկրաինայի, իսկ մինչ այդ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայից հետո» ձևակերպումը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Երևանը չի աջակցել բանաձևի վերոհիշյալ պարբերությանը, սակայն կողմ է քվեարկել բուն բանաձևին:

Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի տարածած ապրիլի 26-ի հաղորդագրությունը, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը, խոսելով քվեարկությունից առաջ իր դիրքորոշման մասին, նշել է, որ իր պատվիրակությունը չի կարող աջակցել բանաձևի նախագիծը 9-րդ պարբերության պատճառով, որը ներառում է Ուկրաինայի ու Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ագրեսիա ձևակերպումը: ՌԴ ներկայացուցիչն այն որակել է «խիստ քաղաքականացված», քննադատել աևմտյան տերություններին և կոչ արել դեմ քվեարկել բանաձեւի նախագծում այդ պարբերության ներառմանը: Ըստ ՄԱԿ-ի մամլո հաղորդագրության՝ ՌԴ ներկայացուցչի բողոքին միացել է նաև Վենեսուելայի ներկայացուցիչը։ Արդյունքում, նախագծի 9-րդ պարբերությունը դրվեց քվեարկության, որին դեմ քվեարկեցին Բելառուսը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը և Սիրիան: Պարբերությունը ընդունվեց 81 կողմ ձայներով: 48 երկիր քվերակել են ձեռնպահ նախագծի այս պարբերության վերաբերյալ:

Մամլո հաղորդագրության տեքստը չի մանրամասնում, թե որ երկրներն են քվեարկել կողմ կամ ձեռնպահ այս պարբերությանը, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների շարքում է:

Այսպիսով, Հայաստանը կողմ է քվեարկել ապրիլի 26-ի քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի ու Եվրախորհրդի միջև համագործակցության մասին բանաձևին, սակայն ձեռնպահ է քվեարկել բանաձևի 9-րդ պարբերության համար, որը ներառում է «Եվրոպայի առջև այսօր ծառացած աննախադեպ մարտահրավերները Ուկրաինայի, իսկ մինչ այդ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայից հետո» ձևակերպումը՝ այսպիսով խուսափելով Մոսկվային որակել ագրեսոր։