Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնությանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը և հայտարարում, որ նման գործելաոճը խոչընդոտում է բանակցություններին։ Ֆրանսիան հույս է հայտնել, որ Քիշնևում, ուր հունիսի 1-ին նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ հանդիպումը, կընթանան բանակցություններ Երևանի ու Բաքվի միջև:
Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարի պնդումները որակել է «անհիմն և անընդունելի»: «Կողմնակալ մոտեցում դրսևորելու փոխարեն ավելի օգտակար կլինի, եթե Ֆրանսիա խրախուսի Հայաստանին կատարել համաձայնագրերից բխող իր պարտավորությունները և զսպել Ադրբեջանի դեմ սադրանքները», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Բացի այդ, այսօր հայտնի դարձավ, որ Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները, որոնք ավելի քան հարյուր օր արգելափակված են պահում Լաչինի միջանցքը, ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, հայտարարել են Լաչինի միջանցքում ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Your browser doesn’t support HTML5
Հայաստանն իր հերթին շեշտում է, որ «այն ինչ Ադրբեջանը արել է և շարունակում է անել Լաչինում բացարձակապես ապօրինի է» և հակասում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռին: Ըստ հայկական կողմի՝ Լաչինի վերաբերյալ պայմանավորվածություններն արտացոլված են 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ, իսկ Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր բանակցություններին Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել:
Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից օրեր անց այս խնդրին անդրադարձավ նաև Հայաստանի վարչապտ Նիկոլ Փաշինյանը, ով կառավարության նիստին հայտարարեց, որ Ադրբեջանի «սադրիչ» այդ քայլը միտված է տարածաշրջանում լարվածության մեծացմանն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի խորացմանը: Ըստ վարչապետի՝ բացի Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի:
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը»,- շեշտել է նա:
Հայտնի է, որ այս խնդիրը վարչապետ Փաշինյանը վերջերս քննարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, ՌԴ արտգործնախարարության տեղեկությամբ՝ Ռուսաստանում նախատեսվում է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որի շուրջ արդեն կան համաձայնություններ, սաայն ժամկետները համաձայնեցվում են: Հայկական կողմը հաստատել է հանդիպման մասին տեղեկությունը:
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան կառուցողական չի որակում Ռուսաստանի ներգրավվածությունն այս հարցերում:
«Մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ Ռուսաստանն այստեղ կհանդիսանա ազնիվ միջնորդ՝ հաշվի առնելով այն, ինչ արել է նախագահ Պուտինը Ուկրաինայի ժողովրդի հետ: Նա պատերազմական հանցագործ է»,- ասում է կոնգրեսականը:
Կոստան ընդգծում է՝ Ադրբեջանի կառավարությունը, հաշվի առնելով իր նախկին գործողությունները, օգտագործում է նույն մարտավարությունը ինչ Մոսկվան՝ կարծելով, որ աշխարհի ուշադությունը շեղված է Ուկրաինայի պատերազմով, որը նրան թույլ է տալիս շարունակել խախտել հրադադարի պայմանագրով իր պարտավորությունները:
Իր հերթին, բրիտանական հայտնի Economist ամսագրի վերլուծական բաժինը՝ Economist Intelligence Unit-ը (EIU) «Ադրբեջանն անցակետեր է տեղադրել Լաչինի միջանցքում» վերնագրով հոդվածում նշում է, որ նոր տեղադրված անցակետը դժվար կլինի հեռացնել:
«Ադրբեջանը կշարունակի ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով ստիպել նրան ընդունել իր պահանջները և ճանաչել Բաքվի ինքնիշխանությունն ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա... Ի հավելումն մարդասիրական հետևանքների, նման քայլը, հավանաբար, էլ ավելի կապակայունացնի հայաստանյան քաղաքական դաշտը, քանի որ ներկայիս իշխանությունները կդիտարկվեն որպես հայկական տարածքների անբաժան մասը համարվող հատվածի հանձնողներ «թշնամուն»,- գրում է EIU-ը:
Հրապարակումը նկատում է, որ անցակետի տեղադրումն էլ ավելի կսրի առանց այն էլ լարված դաշնակցային հաաբերությունները Երևանի ու Մոսկվայի միջև: Ռուսական կողմի պասիվությունն անցակետի տեղադրման խնդրում հարցեր է առաջացնում, քանի որ միջանցքի վերահսկողությունը ռուսական ուժերի պարտավորությունն է: Անցակետի տեղադրումից 24 ժամ անց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարույունը, ըստ EIU-ի, բավականին չեզոք էր և ընդամենը կոչ էր անում պահպանել նոյեմբերյան հրադադարի դրույթները:
«Սա, հավանաբար, ավելի կխաթարի Հայաստանի վստահությունն իր առերևույթ անվտանգության երաշխավորների նկատմամբ, որոնք բազմիցս ապացուցել են, որ չեն կարող կամ չեն ցանկանում վճռականորեն գործել Լեռնային Ղարաբաղում»,- փաստում է EIU-ը:
Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ հարձակումներին Ռուսաստանի արձագանքի բացակայությունը ցույց տվեց Մոսկվայի անվստահելիությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ հարձակման էր ենթարկվել Հայաստանի սուվերեն տարածքը: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղում էլ ադրբեջանական զինուժը շարունակում է հակադրվել ռուս խաղաղապահներին և խախտել Ռուսաստանի կողմից պարտադրված զինադադարի պայմանագիրը։
«Այս համատեքստում Հայաստանի հանրային կարծիքը հստակ գիտակցում է, որ Ռուսաստանն այլևս չի ընկալվում որպես անվտանգության հուսալի մատակարար, ինչպես դիտվում էր նախկինում»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթնոսկին ևս համակարծիք է՝ ՌԴ դադարել է ընալվել հայ հանրության կողմից որպես «վստահելի դաշնակից», քանի որ Երևանը երկար ժամանակ Մոսկվայից ակնկալել է լուրջ աջակցություն, որը չի ստացել, հատկապես իր տարածքների վրա հարձաման ժամանակ:
«Այսպիսով հայ հանրության ու կառավարության համար պարզ է, որ Ռուսաստանը կամ ի վիճակի չէ օգնել Հայաստանին Ուկրաինայում իր բոլոր խնդիրների պատճառով, ինչը, կարծում եմ, հավանաբար, մասամբ այդպես է, կամ չի ցանանում անել դա»,- պնդում է Սթրոնսկին:
Վերջինիս կարծիքով պատերազմը Ուկրաինայում բացասական է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Կարծում եմ՝ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը երկրորդական կարգի հարց է Մոսկվայի համար, հատկապես այն շրջանում, երբ վերջինիս կարողությունները սահմանափակված են Ուկրաինայի պատերազմի հետևանքով: Դա խրախուսում է նաև ադրբեջանական նոր սադրանքները։ Բաքուն օգտվում է Մոսկվայի ուշադրության շեղումից և արձագանքելու անկարողությունից»,- նկատում է Սթրոնսկին
Վերլուծաբանն ընդգծում է, որ այդ է պատճառը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայվում են Երևանի կողմից: Ընդգծելով, որ դեռևս չափազանց անորոշ է երբ և ինչպես կավարտվի պատերազմը Ուկրաինայում՝ վերլուծաբանը նկատում է, որ այդ պատերազմը, անշուշտ, փոխում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ողջ տարածաշրջանում՝ խրախուսելով նախկին խորհրդային երկրների ապագաղութացման մտածողությանը ու այլընտրանքներ գտնելու ցանկությանը: