Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ժամանել է Հայաստան, ուր հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Սա ամերիկացի դիվանագետի երկրորդ այցն է տարածաշրջան իր նշանակումից ի վեր։
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական վերջին բախումը Տեղ գյուղի մոտակայքում: Ըստ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության՝ Լուիս Բոնոն այս համատեքստում շեշտել է՝ կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար»։
Ըստ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության՝ Լուիս Բոնոն տարածաշրջան է եկել մեկ շաբաթով։ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնել են, որ դիվանագետը հանդիպումներ կունենա «շահագրգիռ կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին օգնելու նպատակով», հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։
«Պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին կայացած հանդիպումից հետո, ինչպես նաև մարտին պետքարտուղարի ու երկու երկրի ղեկավարների հեռախոսային խոսակցություններից և անցյալ ամիս Բոնոյի տարածաշրջան գալուց հետո այս այցը խոսակցությունը շարունակելու հնարավորություն կլինի Բոնոյի համար։ Խաղաղության գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի արդյունավետ ներգրավվածության վերջին ջանքերը հուսադրող են մեզ համար, և Բոնոն հուսով է, որ այդ պահն օգտագործելով հնարավոր կլինի կառուցել հետագա քայլերը», - Ազատություն ռադիոկայանի տեղեկությամբ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։