Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը. Լուիս Բոնո


Լուիս Բոնո
Լուիս Բոնո

Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանած Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում անդրադարձել է իր այցին ու ԱՄՆ ներգրավվածությանը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցային գործընթացում:

Հարցազրույցի ընթացքում Լուիս Բոնոն կրկին ընդգծել է հայ և ադրբեջանական կողմերի միջև երկխոսության կարևորությունը՝ այս հակամարտությանը վերջ տալու ու երկարատև և հավասարակշռված խաղաղություն հաստատելու համար:

Նրա խոսքով, խաղաղ բանակցային այս գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդություն անելը կամ պայմաններ թելադրելը չէ: «Մենք այստեղ տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար չենք եկել: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է», - նշել է ամերիկացի դիվանագետը՝ շեշտելով, որ կողմերն իրենք պետք է մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք:

Նրա կարծիքով՝ կայուն, երկարատև ու հավասարակշռված խաղաղության պայմանագիրը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի կարգավորումը: «Նախևառաջ Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ»,- նշել է Բոնոն:

Հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը Մյունխենում խոստացել էր, որ ինչ-որ մեկին կնշանակի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ շփումների համար՝ նա նաև տեղեկացրեց, որ իր հետ զրույցում Ալիևը պատրաստակամություն է հայտնել շարունակելու այդ քննարկումները:

Լուիս Բոնոյի խոսքով, այս տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական օրակարգն է խաղաղության խթանումը: «Այս հակամարտությունը շատ երկար տևեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի»,- ասել է ամերիկացի դիվանագտը:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի բարձրացնել Լաչինի միջանցքի վերաբացման հարցը: Նա սակայն բացառեց որևէ պատժամիջոցների կիրառումը Բաքվի նկատմամբ այս հարցում՝ շեշտելով՝ «պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին»:

Նրա կարծիքով՝ կողմերը ցանկանում են հասնել խաղաղության: «Վաշինգտոնում կհայտնեմ, որ այստեղ կան հեռանկարներ խաղաղության համար: Բայց դա հեշտ չի լինելու: Դա երկու կողմից էլ հանձնառություն կպահանջի: Դրա համար պետք է փոխվստահություն, կողմերը պետք է վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ, վստահեն, որ պարտավորությունները կկատարվեն, վստահեն, որ մյուս կողմն էլ հավատարիմ է խաղաղությանը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշել է պետքարտուղարության ավագ խորհրդականը Կովկասի հակամարտությունների գծով:

Հիշեցնենք, որ Բաքվում գտնվելիս, Լուիս Բոնոն նույնպես պատասխանել է լրագրողների հարցերին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման կողմնակից է և աջակցում է խաղաղ գործընթացին։

«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի: Եվ այն պետք է առաջ քաշեն կողմերն, այլ ոչ թե ԱՄՆ-ը կամ այլ երկրները: Մեր նպատակն է, որ կողմերը խոսեն միմյանց հետ»,- հայտարարել է նա Բաքվում ՝ կարևորելով ոչ թե բանակցային ձևաչափը, այլ Երևանի ու Բաքվի միջև շփումների առկայությունը:

«Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում կողմերը հայտարարեցին, թե ցանկանում են, որ խաղաղություն հաստատվի։ Իմ այս այցի նպատակը կողմերի միջև երկխոսության ծավալումն է, ինչպես նաև նոր հանդիպման անցկացման քաջալերումը», - հայտարարել է ամերիկացի բանագնացը։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG