Էրդողանը առերեսվում է իրեն ընդդիմադիր լուրջ դաշինքին. ով կհաղթի Թուրքիայի գալիք ընտրություններում

Թուրքիայում այսօր արձանագրվում է սննդամթերքի բարձր գնաճ : Վերլուծաբանների կարծիքով՝ գնաճն այժմ ամենամեծ սպառնալիքն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի ընտրություններում վերընտրվելու հարցում

Ստամբուլի միջին խավով բնակեցված թաղամասերից մեկում՝ Քադիկոյում, մարդիկ համբերատար հերթ են կանգնում իֆթարի համար՝ նշելու պահքի օրվա ավարտը։ Շատերը մեկ ժամից ավել սպասում են սնունդի տրամադրմանը: Ստամբուլի բնակիչ Ահմեթը, ով չցանկացավ նշել իր ազգանունը պնդոմ է, որ դա վկայում է այն դժվարին ժամանակների մասին, որին բախվում են թուրքերը:

«Ի՞նչ եք կարծում, ինչու են այս բոլոր մարդիկ այստեղ սպասում, որպեսզի ստանան մի փոքրիկ պարենային փաթեթ։ Ցավոք, ամեն ինչ չափազանց թանկ է ներառյալ վարձավճարները: Ժողովուրդը ծանր վիճակում է»,- պատմում է Ահմեթը։

Ընդդիմության կողմից վերահսկվող Ստամբուլի քաղաքապետարանը անվճար սնունդ է տրամադրում։ Ամբողջ երկրում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող խոշոր քաղաքները նույնպես անվճար սնունդ են բաժանում:

Թուրքիայում մայիսին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմությունը ուշադրություն է հրավիրում երկրում գնաճի բարձր մակարդակի վրա, որը ներկայումս կազմոմ է ավելի քան 55%:

Այս հարցում նրանք մեղադրում են նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ մատնանշելով, որ գնաճը վերահսկելու համար կառավարությունը տոկոսադրույքները բարձրացնելու փոխարեն դրանք նվազեցնում էր: Այս քաղաքականությունը քննադատության է ենթարկվել նաև տնտեսագիտական շրջանակների կողմից:

«Դա ավերիչ քաղաքականություն է: Հարցումներից հետո մենք տեսնում ենք, որ մասնակիցների մինչև 80%-ը դժգոհում է տնտեսական ծրագրերից։ 80 տոկոսը կարծում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում ամեն ինչ վատացել է: Միջին հաշվով 60 տոկոսը կարծում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում էլ ավելի կվատանա»,- ասում է վերլուծաբան Աթիլա Եսիլադան։

Քաղաքային շուկայում տեղի ֆերմերները փորձում են վաճառել իրենց արտադրանքը: Շատերը դժգոհում են հաճախորդների պակասից և ասում, որ պայքարում են գոյատևելու համար:

«Նախորդ տարվա համեմատ 100 տոկոսով թանկացում կա, հատկապես անասնակերի գները, որոնք կրկնապատկվել են: Մենք մեծ դժվարություններ ունենք հավկիթ արտադրելու և վաճառելու հարցում։ Նույնը վերաբերում է կաթի արտադրությանը։ Այն չափազանց թանկ է»,- պնդում է ֆերմեր Մերալը։

«Գազի գինը 100 տոկոսով թանկացել է. Մենք վարձակալեցինք մեր արտը, սակայն վարձավճարներն անչափ թանկացան։ Աշխատողի դրույքաչափը 150 թուրքական լիրա էր, այժմ հասել է 400-ի»,- նշում է ֆերմեր Յուսուֆ Քահվեջին:

Էրդողանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը տարիներ շարունակ տնտեսական աննախադեպ աճն էր և դրա հետ մեկտեղ հզոր կրոնական միջին խավի ստեղծումը: Վերլուծաբաններն ասում են, որ այդ դասի անդամները մշտապես վախենում են, որ իրենց շահերը կարող են անտեսվել, եթե Էրդողանը կորցնի իշխանությունը:

Սակայն աճող գնաճը կարող է փոխել քաղաքական այդ հավասարումը:

«Տնտեսական ճգնաժամն անդրադառնում է բոլորի վրա, ուստի այն նվազեցնում է բևեռացման ազդեցությունը, քանի որ և՛ պահպանողականները, և՛ աշխարհիկները, և՛ մնացած բոլորը տուժում են գնաճից և տնտեսական ճգնաժամից գրեթե հավասարապես»,- նշում է վերլուծաբան Օսման Սերթը:։

Էրդողանը հիմա փորձում է փոխել օրակարգը: Երկուշաբթի օրը Թուրքիայի առաջին ավիակիրը շահագործման կհանձնվի: Էրդողանն ընդգծում է, որ նա երկիրը վերածել է տարածաշրջանային տերության՝ փորձելով վստահություն ներշնչել իր ազգայնական կրոնական ընտրողներին: Արդյոք նրանք հավատարիմ կմնան Էրդողանին, հայտնի կդառնա հաջորդ ամիս՝ ընտրությունների արդյունքներից հետո։

Բրուքինգս հաստատության վերլուծաբան Ասլի Այդինթաշբաշի կարծիքով էլ Էրդողանին հաջողվել է ստեղծել աջակողմյան կրոնական դաշինք՝ այսսպիսով մեկուսացնելով ընդդիմադիր առաջնորդ Քեմաօղլուն որպես փոքրամասնության՝ քրդերի ու ալեհների առաջնորդ: Սակայն ըստ վերլուծաբանի՝ Էրդողանն այսօր առերեսվում է քաղաքական դժվարին կացության հետ:

«Իր քսան տարվա կառավարման ընթացքում այսօր գործող նախագահն առերեսվում է հակաէրդողանյան մեծամասնությանը: Նա կորցրել է կապը երիտասարդության հետ: Երկրում առկա է ավելի քան հիսուն տոկոսանոց սղաճ, իսկ անցած տարի պաշտոնապես հարյուր տոկոս էր, իսկ իրականում ավելի քան հարյոր տոկոս: Բացի այդ նա իշխանության է արդեն քսան տարի՝ ստեղծելով ավտորիտար համակարգ: Կասկած չկա, որ հանրային մեծամասնությունը հոգնել է այս ամենից և ցանկանում է փոփոխություններ: Հարցն այն է, թե արդյուք Քեմալ Քըլըչդարօղլուն ճիշտ ընտրություն է»,- ասում է նա:

Նա շեշտում է՝ դեռևս բավականին ժամանակ կա մինչև ընտրություները: Կարծում եմ արդյունքները կլինեն բավականին մոտ, ընդգծել է նա:

Հոդվածը պատրաստվել է Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի նյութի հիման վրա