Դատավարությունը կարող է տևել շուրջ մեկ տարի. Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել

Դոնալդ Թրամփը երեքշաբթի ապրիլի 4-ին ժամանել է Մանհեթենի դատարան

ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականի հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ժամանել է Մանհեթենի դատարան՝ լսելու իր դեմ ներկայացված մեղադրանքները։

Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը երեքշաբթի ապրիլի 4-ին հրապարակել է մեղադրական եզրակացության խմբագրված տարբերակը, որով պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների նախկին նախագահին՝ 2016 թվականի ընտրություններից առաջ չափահասների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելու գործով:

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել 34 հանցավոր դրույթներով՝ բիզնես գրառումների կեղծման համար: Թրամփի փաստաբաններն ասել են, որ նա կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ 130 հազար դոլար է վճարել դերասանուհուն:

Ըստ հետաքննության՝ գումարն առաջարկվել է որպես վճարում Թրամփի հետ դերասանուհու մտերիմ հարաբերությունների մասին տեղեկության չհրապարակման համար, որոնք նա իբր ունեցել է տասը տարի առաջ։

Այս վճարումն ինքնին անօրինական չէր, սակայն խնդիրը դրա ձևակերպման մեջ է. Թրամփն ու նրա փաստաբանները այն ներկայացրել են որպես իրավաբանական ծառայությունների համար վճարում, որը որակվում է խարդախություն Նյու Յորք նահանգում և նախատեսում է քրեական հետապնդում:

Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոյենը 2018 թվականին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման այս գործի շրջանակում, սակայն Թրամփին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Նախկին նախագահն այս գործը որակում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում՝ կասկած հայտնելով Մանհեթենի դատարանի անաչառության վերաբերյալ:

Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի դատավոր Խուան Մերկանը մերժել է դատավարության հեռուստատեսային հեռարձակման մասին լրատվամիջոցների խնդրանքները, սակայն թույլատրել է մի խումբ լուսանկարիչներին լուսանկարել Թրամփին և նիստի մասնակիցներին՝ մեղադրական եզրակացության ներկայացումից առաջ:

Your browser doesn’t support HTML5

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել. դատավարությունը կարող է տևել շուրջ մեկ տարի

Իրավագետների կարծիքով՝ դատավարությունը կարող է ընթանալ առնվազն մեկ տարի: Մեղադրանքը և նույնիսկ դատապարտումը Թրամփին չեն զրկում նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունքից։

Դոնալդ Թրամփը ներկայացել է դատարան և փաստորեն վերցվել պաշտոնապես կալանքի տակ՝ մինչև մեղադրանքի առաջադրման պահը: Սա ընթացակարգ է նման դեպքերի համար մի տարբերությամբ, որ Թրամփի պարագայում չեն կիրառվել ձեռնաշղթաներ։ Մամուլի հաղորդմամբ Թրամփից վերցրել են մատնահետքեր, սակայն չեն լուսանկարել գործի համար:

ԲիԲիՍի-ի հաղորդմամբ՝ դատարան ժամանելուց կես ժամ անց Թրամփը բարձրացել է 15-րդ հարկում գտնվող դատարանի դահլիճ, որտեղ ընթանում էր նիստը։ Մոտ մեկ ժամ անց նա լքել է դատարանի շենքը և ուղևրովել Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագա հանգստավայրը, որտեղից նախատեսվում է նրա ելույթը ուղղված իր կողմնակիցներին:

Մինչ դատարան ժամանելը Դոնալդ Թրամփը կարճ հայտարարություն է տարածել իր Truth Social սոցիալական ցանցում՝ շեշտելով. «Ես գնում եմ ստորին Մանհեթեն՝ դատարանի շենք: Դա չափազանց սյուրռեալիստական է թվում: Նրանք պատրաստվում են ձերբակալել ինձ: Ես չեմ կարող հավատալ, որ դա տեղի է ունենում Ամերիկայում», - գրել է նա:

Բացի այդ, սոցցանցերում իր գրառման մեջ Թրամփը ասել է, որ Մանհեթենի քրեական դատարանը «շատ անարդար վայր է գործը լսելու համար» և կոչ է արել դատավարությունը տեղափոխել Սթեյթեն Այլենդ, որը պարբերաբար քվեարկում է հանրապետականների օգտին: