Մարտի 6-ին սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որը ենթադրաբար պատկերում էր, թե ինչպես են ռուս զինվորականները գնդակահարում անզեն ռազմագերիին, ով կրում է ուկրաինական զինվորական համազգեստ և արտաբերում «Փառք Ուկրաինային» խոսքերը։ Ուկրաինայի իշխանությունները կոչ են անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել այս տեսանյութը:
Ավելի ուշ Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հայտարարել է, որ Ուկրաինան հետաքննություն է սկսել անզեն ռազմագերիի սպանության առնչությամբ։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ մահապատժի ենթարկվածը դիպուկահար Ալեքսանդր Մացիևսկին էր։
Ամերիկացի փորձագետները կարծում են, որ տեսանյութը կարող է ծառայել որպես Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից ռազմական հանցագործության ապացույց:
«Սա պատերազմական հանցագործության հստակ ապացույց է, որը ակնհայտորեն կհայտնվի ոչ միայն Միջազգային քրեական դատարանի, այլև ուկրաինական դատարանների հետաքննության մեջ: Նրանք կքննեն այս հանցագործության հետ կապված մանրամասները և կորոշեն, թե որ զորամասերն են գործել այդ տարածքներում և ում հրամանն են կատարել»,- ասում է Council on Foreign Relations վերլուծաբան Դեյվիդ Սչեֆերը:
Your browser doesn’t support HTML5
Բրիտանացի փաստաբան Ուեյն Ջորդաշը՝ միջազգային քննիչների խմբի ղեկավարը, աջակցում է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը հետաքննության հարցում: Այն պետք է պարզի, թե արդյոք այդ ռազմական հանցագործությունները կարող են իրավական առումով որակվել որպես ցեղասպանություն:
«Գրեթե վստահ եմ, որ դա հանցագործություն է մարդկության դեմ: Մնում է միայն այն հարցը, թե արդյոք այդ գործողությունն ուներ ցեղասպանական բնույթ: Դրա գնահատման համար մի փոքր ժամանակ է պետք»,-նշում է Ջորդաշը:
Պրոֆեսոր Ջենիֆեր Թրահանը Նյու Յոքի համալսարանի Գլոբալ հարաբերությունների կենտրոնից կարծում է, որ սպանության տեսանյութը ևս մեկ հիշեցում է, թե ինչու է անհրաժեշտ միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:
«Եթե մենք չունենայինք ագրեսիայի փաստը, ապա չէինք ունենա մարդկության դեմ հանցագործություն: Ականատես չէինք լինի այս սարսափելի հանցագործությունների պատկերներին և չէինք արձանագրի ոչ մի սպանություն կամ ավերածություն: Այսպիսով, սա հիշեցնում է, թե ինչու է մեզ պետք այս տրիբունալը»,- պնդում է Թրահանը:
Փորձագետները կարող են չհամաձայնվել, թե ինչպես պետք է հետաքննվեն և քրեական պատասխանատվության կանչվեն ռազմական հանցագործությունն կատարողները: Մահապատժի տեսագրության նման ապացույցը կասկած չի թողնում, որ պահանջվում ինչ-որ միջազգային հետաքննություն անցկացնել:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Օլեքսի Կովալենկոյի նյութի հիման վրա