Բլինքեն․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության հասնելու պատուհան կա

Ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հարցին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնության հասնելու հնարավորություն ունեն։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանների սահմանազատմանը» և այլ հարցերի։

«Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում չափազանցնել, բայց կա բարենպաստ հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը», - ասել է Բլինքենը՝ անդրադառնալով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերին:

«Ես հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Երկու երկրների արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ես ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք համաձայնագրի բտեքստի վրա», - ասել է Բլինքենը։

«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը տեսնել՝ արդյոք մենք կարող ենք օգնել նրանց հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը», - հավելել է Բլինքենը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը միևնույն ժամանակ արձանագրել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։

«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է պետքարտուղարը։