NYT. Ամերիկյան անօդաչու թռչող սարքը, որն ընկել էր Սև ծովը, օդ է բարձրացել Ռումինիայի ռազմակայանից

Պարբերականի տվյալներով՝ սարքը հետախուզական առաքելություն է իրականացրել Ղրիմից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա։

Ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը, որը ռուսական կործանիչի հետ բախումից հետո ընկել էր Սեւ ծովը, օդ է բարձրացել Ռումինիայի ռազմակայանից եւ իրականացրել պլանային հետախուզություն։

Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան զինվորականի։

Երեքշաբթի օրը, ըստ թերթի, անօդաչու թռչող սարքն առաքելություն էր իրականացնում բռնակցված Ղրիմից մոտ 120 կիլոմետր հարավ-արևմուտք: Այնտեղ այն հայտնաբերել են ռուսական երկու ռազմական ինքնաթիռներ։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ սարքի բեկորները հայտնվեն որևէ մեկի ձեռքում, բացացառությամբ ամերիկացիների:

ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկել իր ունեցվածքը պաշտպանելու ուղղությամբ, ասել է Քըրբին։

Միջադեպը լուրջ քաղաքական բախում առաջացրեց՝ հանգեցնելով ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական բողոքի բարձրաձայնմանը: Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է այսպիսով տիրանալ և ծանոթանալ ամերիկյան զգայուն տեխնոլոգիաներին:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հակասական տեսակետներ ունեն MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի և ռուսական Սու-27 կործանիչի բախման վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, որ Ռուսաստանը որևէ առճակատում չի փնտրում։

«Մենք չենք ցանկանում որևէ առճակատում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Մենք կողմ ենք պրագմատիկ հարաբերություններին՝ հանուն նրանց, հանուն ԱՄՆ-ի ժողովրդի ու Ռուսաստանի Դաշնության շահերի»։

Պենտագոնի մամլո քարտուղար, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերն էլ իր հերթին ասել է,- «Մենք տեսանք, որ կործանիչները վառելիք էին լցնում այս անօդաչու թռչող սարքի առջև, իսկ այնուհետև այնքան մոտեցան սարքին, որ իրականում վնասեցին MQ-9-ի պտուտակը: Մեր գնահատականով, այն, հավանաբար, որոշակի վնաս է հասցրել նաև ռուսական ինքնաթիռին։ Մեր տեղեկություններով, ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել: Չեմ անդրադառնա վայրեջքի վայրին, սակայն սա ևս մեկ անգամ, պարզապես, ցուցադրում է այս օդաչուների օդանավ վարելու չափազանց ոչ պրոֆեսիոնալ, անապահով բնույթը»:

Սա առաջին անգամն էր Սառը պատերազմի օրերից ի վեր, երբ ամերիկյան ինքնաթիռը խոցվել է ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից: