Մատչելի հղումներ

«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ջանքերում»․ դեսպան Քվին


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ՝ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը կազմակերպել էին «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար›› միջոցառումը, որի նպատակն էր ամփոփելով «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից հավաքագրված համակարգային խնդիրները, խթանել պետական մարմինների, փորձագետների և գործարար համայնքի միջև երկխոսությունը՝ հնարավոր լուծումների ուրվագծման և համապատասխան ճանապարհային քարտեզի մշակման համար:

Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Դեսպանը շեշտեց, թե ուրախ է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը և ՏՏ ոլորտի ընկերությունները ծավալել են կառուցողական երկխոսություն՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին և առաջարկելով անհրաժեշտ լուծումներ: -«Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու Հայաստանի ջանքերին»,- ասաց դեսպանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքերով, Հայաստանն այժմ տնտեսության ավանդական ոլորտների արդիականացման և նորարարական վերազինման ճանապարհին է: Այս տեսանկյունից տեխնոլոգիական առաջընթացի և տարբեր ոլորտներում տեխնոլոգիական լուծումների ներդրման կարևորությունը դժվար է գերագնահատել։ Առաջնորդվելով այս գիտակցմամբ՝ Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել մրցունակ էկոհամակարգի ամրապնդման ուղղությամբ, որը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովման, այնպես էլ տեղական ստարտափ ընկերությունների կողմից հաջողություններ գրանցելու համար։

Ներդրողի օրա հավաքին ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթը, ՀՀ կառավարության և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։

Պետական և մասնավոր հատվածները ներկայացնող բանախոսներն անդրադարձան ոլորտի առաջնային և առավել հրատապ խնդիրներին, որոնք ներառում էին hմուտ աշխատուժի պակասը, Հայաստանի բուհերում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասնագիտացումներում կրթության որակը և Հայաստանում տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի կատարելագործմանն առնչվող հարցերը, որոնք արծարծվեցին երեք պանելային քննարկումների ընթացքում:

«Մեր առաջնահերթություններից է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում գործարար միջավայրն առավել բարենպաստ դարձնելու գործում։ Այդ նպատակով, մեր լիազորությունների շրջանակում և հասանելի գործիքակազմով լսելի ենք դարձնելու գործարարների ձայնը պետական կառավարման մարմիններում, որպեսզի պետության կողմից առաջարկվող լուծումները բխեն անմիջապես պրակտիկ օրինակներից և նպաստեն գործարարների կողմից բարձրացված խնդիրների համակարգային լուծմանը»,- նշեց «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյան:

XS
SM
MD
LG