Ուկրաինական պատերազմի շուրջ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև խորացող տարաձայնությունները խոչընդոտեցին G20-ի արտգործնախարարների կոնսենսուսի ձեռքբերմանը: Ընդ որում, երկու կողմերն էլ ճգնաժամի մեջ մեղադրում էին միմյանց:
Եզրափակիչ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հնդկաստանի կողմից հանդիպման վերջում, ասվում է, որ «G20 անդամների մեծամասնությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայում պատերազմը և շեշտում, որ այն հսկայական մարդկային տառապանքներ է պատճառում և խորացնում է համաշխարհային տնտեսության խոցելի կողմերը»:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարն ասել է, որ Դելիում կայացած հանդիպմանը չի հաջողվել հասնել համատեղ հռչակագրի՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ «շատ բևեռացված տեսակետների» պատճառով:
«Ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցում կային տարաձայնություններ, տարաձայնություններ տարբեր կողմերի միջև»,- լրագրողներին ասել է Ջայշանքարը,-«Մենք փորձեցինք, բայց երկրների միջև անջրպետը չափազանց մեծ էր»: