ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չնայած անվտանգության ռիսկերի անակնկալ այցով Ուկրաինա հայտնվեց ակտիվ պատերազմական գոտում՝ արտահայտելու համար Ամերիկայի հաստատակամ աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում:
Նա կանգնեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողքին և հարգանքի տուրք մատուցեց «Հիշատակի պատի» մոտ՝ հարգելով երկրի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը։ Ավելի ուշ Վարշավայում նա հստակ ուղերձ հղեց աշխարհին.
«Ես հենց նոր եմ եկել Կիև կատարած այցից և կարող եմ հայտնել՝ Կիևը ամուր և հպարտ կանգնած է: Այն կանգնած է գլուխը բարձր, և որ ամենակարևորն է՝ ազատ»,- հայտարարել է Բայդենը:
Սակայն Ռուսաստանի լայնածավալ պատերազմը հսկայական վնաս է հասցրել Ուկրաինային, նրա ենթակառուցվածքներին և ուկրաինացի ժողովրդին:
Your browser doesn’t support HTML5
Ազգային ժողովրդավարական ինստիտուտը նշում է, որ ուկրաինացիների 37 տոկոսը, ովքեր մասնակցել են հետազոտությանը, ասել են, որ կորցրել են ընկերոջը կամ ընտանիքի անդամին պատերազմի սկսվելուց հետո:
Այնուամենայնիվ, ուկրաինացիները հույս ունեն ապագայի նկատմամբ, ասում է ինստիտուտի տնօրեն Մարկին Վալեցկին:
«Սարսափելի դժվարությունների այս պայմաններում ուկրաինացիները մնում են շատ լավատես։ Առկա է մեծ աջակցություն ղեկավարությանը, և հույս կա, որ միջազգային աջակցության դեպքում այս պատերազմը շուտով կավարտվի»,- ասում է նա։
Վալեցկին ասում է, որ Ռուսաստանը ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով պառակտել ուկրաինացիներին և համոզել նրանց, որ Արևմուտքը հավատարիմ չէ իրենց երկրին:
Սակայն Վալեցկին պնդում է, որ այս ռազմավարությունը հակադարձ արդյունք է տվել:
«Ուկրաինացիների 92%-ը կցանկանար տեսնել Ուկրաինան Եվրամիության անդամ, 87%-ը կցանկանար, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին։ Եվ սա շատ մեծ աջակցության արդյունք է, որը մենք տեսել ենք վերջին տարվա ընթացքում: Զարմանալի է տեսնել, թե որքան եվրոպամետ են ՆԱՏՕ-ի կողմնակից ուկրաինացիները: Ես երբեք նման բան չեմ տեսել իմ կյանքում»,- նշոթւմ է Վալեցկին:
Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Միկոլա Դավիդլուկը համակարծիք է:
«Ռուսաստանի ներխուժումը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը ֆանտաստիկ պոպուլյար դարձրեցին Ուկրաինայում, և ժողովուրդը հասկացավ, որ մեր ուրույն ճանապարհը միայն դեպի Արևմուտք է։ Եվ մենք շատ արագ ենք շարժվում այդ ուղղությամբ»,- ընդգծում է նա։
Մինչդեռ հասարակ ուկրաինացիներն ասում են, որ իրենք ուժեղ և դիմացկուն են մեկ տարվա պատերազմից և Ռուսաստանի կողմից շարունակվող հրթիռային հարձակումներից հետո:
«Փետրվարի 24-ին բոլորը հավաքվեցին և ցույց տվեցին, որ մենք իսկապես մեկ ազգ ենք և դեմ ենք ռուսական օկուպացիային»,- ասում է Կիևի բնակիչ Անտոնը:
«Ամեն գնդակոծության հետ մենք միայն ուժեղանում ենք, հարմարվում, ամեն օր գոյատևում։ Սա մեզ ավելի ուժեղ է դարձնում, իսկ թշնամուն ցույց ենք տալիս, որ ոչնչից չենք վախենում»,- ընդգծում է կիևցի Ալիոնան։
Քանի որ պատերազմը ձգձգվում է, և ի հայտ են գալիս ազատագրված տարածքներում ռուսական ռազմական հանցագործությունների մասին ապացույցներ, հետազոտությունները ցույց են տալիս, որ ուկրաինացիները մեծապես հավատում են հաղթանակին և բոլոր անեքսիայի և օկուպացված տարածքների ազատագրմանը:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Միրոսլավա Գոնգաձեի նյութի հիման վրա