Հաագայի դատարանը բավարարել է ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:
«Դատարանը 13 «կողմ» և երկու «դեմ» ձայներով ընդունում է հետևյալ ժամանակավոր միջոցը, ըստ որի՝ մինչև այս գործով վերջնական որոշում կայացնելը և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունը պետք է կիրառի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»,- որոշումը ընթերցել է Հաագայի դատարանի նախագահ Ջոան Դոնոհին։
Դրա հետ մեկտեղ, միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից։
«Դատարանը համարում է, որ ՀՀ-ը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ-ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»,- հայտարարել է դատարանի նախագահը։
Your browser doesn’t support HTML5
Բացի այդ, միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը՝ միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ վերջինիս պարտավորեցնելու համար «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է միջազգային դատարանի որոշումները՝ կոչ անելով «միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը»։
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարությունը, արձագանքելով Հաագայի դատարանի որոշումներին, նշել է.
«Դատարանն իր վճռում ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունը, որ երկիրը ձեռնարկել և պարտավորվում է իր լիազորությունների շրջանակում շարունակել ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի ճանապարհով անվտանգ երթևեկությունն ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար»: Բաքուն նաև շեշտել է, որ դատարանի որոշումը՝ չվերանայել իր նախկին եզրակացությունը, որ Հայաստանի կողմից «ականների տեղակայումը» չի հանդիսանում ժամանակավոր միջոց կիրառելու համար, հիմնավոր որոշում չէ, և Ադրբեջանը կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկելու փորձերը։
Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը իր թվիթերյան գրառման մեջ, արձանագրելով, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հեռացվել է Լեռնային Ղարաբաղում ղեկավար պաշտոնից, կարծիք է հայտնել, որ «մի գուցե, Լաչինի ճանապարհային ճգնաժամի լուծումն այժմ մոտ է»: Ըստ դե Վաալի՝ դրան նպաստող երկու գործոններից մեկը միջազգային դատարանի վճիռն է, որը պարտավորեցնում է Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը, իսկ մյուսը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն սկսելու մասին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ընթացած բանակցություններն են, ուր ադրբեջանցիները պնդել են, որ չեն բանակցի Ռուբեն Վարդանյանի հետ։
Իր հերթին, վերլուծաբան Ջոշուա Կուցերան «Eurasianet»-ում հրապարակած «Միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ապահովել տեղաշարժը» շրջափակված ճանապարհով» իր հոդվածում գրել է, որ հայկական կողմն այս դատական գործում հայտարարել է իր հաղթանակի մասին, սակայն Ադրբեջանը չի ընդունում, որ փակ է պահում դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը։ Ըստ վերլուծաբանի, պարզ չէ, թե ինչպես է ապահովվելու այս որոշման կատարումը։
«Թվում է, որ այս վճիռը դժվար թե մեծ ազդեցություն ունենա շրջափակման վերացման հեռանկարների վրա: Ադրբեջանը պնդում է, որ բոլորովին չի փակում ճանապարհը և, հետևաբար, պարտավոր չէ որևէ քայլ ձեռնարկել, որը չի ձեռնարկել մինչ այժմ»,- գրել է Կուցերան:
Կուցերայի պնդմամբ՝ այս հակամարտության ողջ պատմության ընթացքում միջազգային իրավական որոշումների գործնական ազդեցությունը սովորաբար մեծ չէ: Ըստ նրա՝ եթե Ադրբեջանն անտեսի միջազգային դատարանի որոշումը, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է միջամտել այդ հարցին, ուր արդեն դիմել են Հայաստանի ներկայացուցիչները։ Այստեղ էլ, սակայն, Կուցերայի կարծիքով, ամեն ինչ նույնպես միանշանակ չէ, քանի որ «ՄԱԿ-ի վճռի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է մի պետության քաղաքական կամքը, որը պատրաստ է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:
Կուցերան հիշեցնում է, որ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր չորս բանաձևեր՝ պահանջելով հայկական ուժերին դուրս գալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական տարածքներից։ «Այս բանաձեւերը անկատար մնացին մինչեւ 2020 թվականը, երբ Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուժով հետ վերցրեց այդ տարածքները», գրել է Ջոշուա Կուցերան: