ՄՕԿ. Ռուսաստանի և Բելառուսի դեմ սպորտային պատժամիջոցները սակարկելի չեն

Ավելի վաղ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի ղեկավարը հայտարարել էր, որ ռուս մարզիկների և այլ երկրների նրանց մրցակիցների մասնակցության պայմանները պետք է լինեն նույնը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժելու կապակցությամբ Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված սպորտային պատժամիջոցները սակարկելի չեն։

Խոսքը, մասնավորապես, ռուս և բելառուս մարզիկների՝ իրենց երկրների դրոշների ներքո մրցումներին մասնակցելու արգելքների մասին է։

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Ստանիսլավ Պոզդնյակովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ներկայացնող մարզիկները պետք է մրցեն նույն պայմաններով, ինչ այլ երկրների իրենց մրցակիցները։

Պոզդնյակովի հայտարարությունը հնչել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ռուս մարզիկների հնարավոր մասնակցության կապակցությամբ աճող դժգոհությունների ֆոնին։

«Ռուսաստանի և Բելառուսի պետության և կառավարության դեմ պատժամիջոցները չեն քննարկվում»,- ասել է ՄՕԿ-ի ներկայացուցիչը,-«Դրանք միաձայն հաստատվեցին դեկտեմբերի 9-ին կայացած օլիմպիական վերջին գագաթնաժողովում»:

Սույն հոդվածը կազմվել է Agence France-Presse-ի տեղեկության հիման վրա: