Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարություններից հետո իր մոտ է հրավիրել Հունգարիայի դեսպան Իշտվան Իդիարտոյին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
Հունվարի 26-ին մամլո ասուլիսում, մեկնաբանելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, Օրբանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող իրեն թույլ տալ պարտվել պատերազմում, քանի որ 2024 թվականին մասնակցելու է նախագահական ընտրություններին։
Հունգարիայի վարչապետը նաև նշել է, որ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ն գտնվի ուկրաինական տարածքում, և հետևաբար իր առջեւ նպատակ է դնում Ուկրաինան վերածել «չկառավարվող ավերակների»։
Your browser doesn’t support HTML5
Օրբանը նաև լրագրողներին ասել է, որ Ուկրաինան այժմ «ոչ մեկի երկիր» է և այն համեմատել է Աֆղանստանի հետ։
«Հունգարիայի դեսպանը կհրավիրվի Ուկրաինայի ԱԳՆ՝ անկեղծ զրույցի համար: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկել պատասխան միջոցներ»,- գրել է Նիկոլենկոն Facebook-ում։
Վիկտոր Օրբանին պարբերաբար մեղադրում են Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունում ռուսամետ դիրքորոշման մեջ։ Օրինակ՝ Հունգարիայի վարչապետն ասել է, որ Ուկրաինայի շահերը Հունգարիայի շահերից վեր չի դասի։ Միաժամանակ Բուդապեշտը հայտարարել է ուկրաինական կողմին որպես արտոնյալ վարկ 187 մլն եվրո տրամադրելու մասին։ Բացի այդ, անցած տարեվերջին Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինայի անկախության պահպանումն անհրաժեշտ է Եվրոպայի անվտանգության համար։
Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա