Վաշինգտոնը շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայ և ադրբեջանցի իր գործընկերների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում, ուր քննարկվել է խաղաղ բանակցային գործընթացը: Ըստ Սպիտակ տան՝ Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և կողմերին հորդորել քայլեր կատարել, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։ Կողմերը հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացին, որի «նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է», նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, սակայն, կարծում է, որ այս հակամարտությունը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և հակամարտության բոլոր կողմերի կենսական կարիքները:
«Լեռնային Ղարաբաղի հետ դրսի կապի արգելափակումը, որը խոչընդոտում է ցանկացած տեսակի ապրանքների, բժշկական պարագաների ու դեղերի, ծառայությունների կամ մարդկանց տեղաշարժին, մեծ վտանգ է տեղի բնակչության բարեկեցությանը»,- ընդգծել է նա «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:
Your browser doesn’t support HTML5
Մարկ Բեհրենդտը շեշտում է՝ Ադրբեջանը պատասխանատու է միջանցքի վերաբացման համար:
«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ, որ փակել են միջանցքը: Պարզապես անհատներ են, թե՞ կապ ունեն պետական մարմինների հետ: Իրականում, չեմ կարծում, որ դա ունի որևէ նշանակություն: Կարևորն այն է, որ միջանցքը վերաբացվի, ու Ադրբեջանը պետք է ստանձնի այդ պարտավորությունը»,- նշում է նա:
Նա կարևորում է այստեղ միջազգային խաղաղապահ ներկայությունը: Ըստ նրա՝ ցանկալի է, որ այն լիներ միջազգային որևէ կառույցի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, որին կարող էր միանալ նաև ռուսական կողմը:
«Չափազանց կարևոր է, որ լինի խաղաղապահ ուժերի ինչ-որ միջազգային ներկայություն այստեղ՝ բոլոր կողմերի ու, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար, որը ներկայումս վտանգի տակ է»,- ընդգծել է նա:
Նա «թերի» է գնահատում ներկայումս ռուս խաղաղապահ ուժերի գործողությունները, քանի որ միջանցքի վերաբացման համար անմիջապես պատասխանատու են նաև ռուս խաղաղապահները, ովքեր եռակողմ հայտարարությամբ պարտավորություն են ստանձնել՝ ապահովելու այստեղ ազատ տեղաշարժը:
«Ռուս խաղաղապահները լիովին պարտավոր են այն բաց պահել։ Դա է նրանց այնտեղ գտնվելու հիմնական նպատակը: Նրանք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար անվտանգությունը»,- պնդում է նա:
Իր հերթին միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների հարցերով փորձագետ Շեյլա Փայլանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում՝ Լաչինի միջանցքի փակումը կոպտորեն խախտում է ինչպես 2020 թ-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքը:
«Շրջափակումները, որոնք կարող են պատճառ դառնալ զանգվածային սովի կամ մարդասիրական օգնությունից զրկվելուն, խստիվ արգելված են միջազգային իրավունքով և կարող են հանդիսանալ պատերազմական կամ մարդկության դեմ հանցագործություններ»,- նշում է Փայլանը:
Նա նկատում է՝ չնայած Բաքվի պնդումներին, որ միջանցքը արգելափակված չէ և չկան տեղաշարժի խոչընդոտներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակիցների ճնշող մեծամասնությունը բացահայտ կոչ արեց Բաքվին անհապաղ վերաբացել միջանցքը։ Սա նշանակալից է, քանի որ Ադրբեջանը չի կարող առանց հետևանքների անտեսել Անվտանգության խորհրդի հստակ կոչը, գտնում է նա:
«Ադրբեջանի պարտավորությունն է կատարել իր ստանձնած հանձնառությունները, իսկ միջազգային հանրության պարտականությունն է ամեն կերպ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դրանք կատարելու համար»,- ասում է Փայլանը:
Մարկ Բերհենդտն էլ ևս ընդգծում է միջազգային արձագանքի և ճնշման կարևորությունը՝ այս հարցում արձանագրելով որոշակի դրական միտումներ: Այսօր ականատես ենք ավելի շատ մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին Լաչինի միջանցքի վերաբացման մասին, ասում է նա՝ շեշտելով՝ դա կարևոր նախապայման է այս համատեքստում ցանկացած դրական տեղաշարժի համար:
Միջանցքի վերաբացման կոչերին միացել է նաև Human Rights Watch կազմակերպությունը, որի կարծիքով՝ միջանցքը և դրա շրջակայքը վերահսկող Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահները պետք է այստեղ ապահովեն մարդասիրական օգնությամբ մեքենաների անցումը և ազատ տեղաշարժը: Անկախ նրանից, թե ադրբեջանցի ցուցարարներն ունեն իրական բնապահպանական մտահոգություններ, թե այլ դժգոհություններ, բողոքի ակցիան չպետք է զրկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հիմնարար ծառայություններից օգտվելու, ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքից, պնդում է Human Rights Watch-ը: