Մատչելի հղումներ

«120 000-ից ավելի մարդ պատանդի կարգավիճակում է հայտնվել»․ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան


Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ արդեն 5 օր։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են որպես բնապահպաններ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`270 երեխա, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում Հայաստանից վերադառնալ տուն: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ։

Դեկտեմբերի 13-ից խափանված էր նաև Ղարաբաղի գազամատակարարումը, որը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

3-րդ գիշերն է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև շարունակում են նստացույցը Ղարաբաղի Մարու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նրանց համախոհներները՝ ակնկալելով, որ տարբեր բողոքի ակցիաներով «կկարողանան հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, և մղել գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»։

Գեղամ Ստեփանյանի հավաքագրած ինֆորմացիայի համաձայն՝ 1100 մարդ կա, որ կամ Արցախից չի կարողանում վերադառնալ Հայաստան, կամ Հայաստանում է մնացել և չի կարողանում հասնել Արցախ, որոնցից 270-ը երեխաներ են: Նրանց մի մասն այս պահին գտնվում է Գորիսում, մի մասը՝ Երևանում: Արցախում դադարեցվել են որոշ դպրոցների, մանկապարտեզների, պետական և կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կոչ է արել հանրությանը՝ պետական պաշտոնյաներից մինչև սովորական համացանցի օգտատերերին, լայնորեն տարածել տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանտար ճգնաժամի իրադրության մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու քայլին: Միևնույն ժամանակ, վարչապետը տարօրինակ է համարում որոշ բարեկամ երկրների լռությունն այս առումով:

Ղարաբաղի մարդու իրավունքների ներկա և նախկին բոլոր 4 պաշտպանները և Հայաստանի նախկին երկու պաշտպաններ երեկվանից իրազեկման և բողոքի ակցիաներ են ացկացնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների եւ ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների դեսպանատներին ու գրասենյակների մոտ։

Եվրամիության գրասենյակի մոտ Գեղամ Ստեփանյանը նշեց․ «Եվրոպական միությունը պետք է հասկանա, որ այսօր Արցախում 120 000-ից ավելի մարդ պատանդի կարգավիճակում է հայտնվել Ադրբեջանի քմահաճույքների պատճառով։

Եվրոպական միությունը, որն այսօր մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին, համենայնդեպս, ջանքեր է ներդնում, պետք է հասկանա, որ, չեզոքություն պահելով, ուղղակի նպաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվեն»։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կայացած ակցիայի պահանջներից մեկը Ղարաբաղին օդային միջանցքի տրամադրումն էր։ «Ինչպես կարող ենք պատկերացնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը չկարողանա հասնել իր ժողովրդին՝ նրա իրավունքները պաշտպանելու համար: Այս պահին ես այդ կարգավիճակում եմ, և չեմ կարողանում իրացնել իմ մանդատը, որը ինձ տրված է հենց այդ ժողովրդի կողմից: Սա դատապարտելի երևույթ է, որը պետք է արժանանա միջազգային հանրության հստակ արձագանքին և Ադրբեջանի անպատժելիությունը չպետք է շարունակվի, ի վերջո հանցագործը պետք է ենթարկվի պատժամիջոցների»,- նշեց ԼՂ ՄԻՊ-ը:

Ըստ Ղարաբաղի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի՝ ակցիայի նպատակն էր, որպեսզի միջազգային հանրությունը օդային հումանիտար միջանցք բացի Արցախի համար, որն այսօր կենսական հարց է:

«Բացի ցամաքային միջանցքից, մենք պետք է ունենանք նաև օդային միջանցք, և սա միջազգային հանրության պարտավորությունն է»,- ընդգծեց Բեգլարյանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ևս մարդաշատ բողոքի ակցիա կայացավ, ռուսական խաղաղապահ զորախումբը որակազրկում է իրեն այսպիսի կեցվածքով, ասաց Գեղամ Ստեփանյանը ․«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է իր գործողություններով սանձի Ադրբեջանին, որը պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները»։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ունեին սպիտակ թղթեր, որոնցով իրենց ձեռքով պատրաստեցին թղթե սավառնակներ և, ի նշան բողոքի, դրանք նետեցին դեսպանատների տարածք:

«Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար: Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը»,-շեշտել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին:

XS
SM
MD
LG