Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակում այցելեց նաև ԱՄՆ Կոնգրես, ուր նա հանդես եկավ ելույթով
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանեց Կապիտոլիում, որպեսզի ելույթ ունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում:
Ուկրաինայի նախագահը նշելց, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ ամերիկյան Կոնգրեսում։ Նա շեշտցլ, որ Ուկրաինան մարտի դաշտում արդեն հաղթանակներ է տարել Ռուսաստանի հանդեպ և կշարունակի դա անել՝ հաշվի առնելով Ուկրաինայի բարեկամների և գործընկերների, առաջին հերթին ԱՄՆ-ի մեծ աջակցությունը։
«Պայքարը միայն ուկրաինացիների կյանքի, ազատության և անվտանգության համար չէ կամ ցանկացած այլ երկրի, որը Ռուսաստանը փորձում է նվաճել: Այս պայքարը կորոշի, թե ինչպիսի աշխարհում են ապրելու մեր երեխաներն ու թոռները», - հայտարարել է Զելենսկին։
Նա ևս հիշեցրեց, որ Վաշինգտոն կատարած այս այցի նախօրեին այցելել է Դոնբասի Բախմուտ քաղաքը, ուր շարունակվում է հերոսական պաշտպանությունը ռուսական ագրեսորների դեմ։ Ամերիկացի օրենսդիրները հոտնկայս ծափահարեցին հյուրին:
Զելենսկին նշեց, որ ռուսական կողմն առավելություն ունի հրետանու, զինամթերքի և հեռահար հրթիռների հարցում։ Նրանք ոչնչացնում են շուրջբոլորը, բայց ուկրաինացիները երբեք չեն հանձնվելու, ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
Your browser doesn’t support HTML5
Նախագահ Զելենսկին վստահություն է հայտնել, որ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը կօգնեն պաշտպանել Ուկրաինայի երկինքը և ուկրաինական քաղաքները։ Նա նաեւ նկատել է, որ «չի կարելի թույլ տալ մի ահաբեկչին օգնել մյուսին»՝ նկատի ունենալով Իրանի անօդաչու սարքերի մատակարարումները Ռուսաստանին։
«Ուկրաինան երբեք չի խնդրել ամերիկացի զինվորներին մեր փոխարեն կռվել մեր հողում։ Վստահեցնում եմ ձեզ, որ ուկրաինացի զինվորականները կարողանում են կատարելապես կառավարել ամերիկյան տանկերն ու ինքնաթիռները»,- նշեց նա։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայիս օգնությունն Ուկրաինային բարեգործություն չէ, այլ «ներդրում համաշխարհային անվտանգության ու ժողովրդավարության մեջ»։ Զելենսկին նաև ասել է, որ ուկրաինացի ժողովուրդը խաղաղություն է ուզում, բայց արդար, որն ըստ նրա՝ արտացոլված է Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնման մեջ:
Եզրափակելով իր խոսքը՝ Զելենսկին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր օրենսդիրներին, անձամբ Միացյալ Նահանգների նախագահին, ինչպես նաև յուրաքանչյուր ամերիկացուն՝ Ուկրաինային օգնելու համար: Նա Կոնգրեսի ղեկավարությանն է նվիրել Ուկրաինայի ազգային դրոշը, որը նրանց են փոխանցել Բախմուտը պաշտպանող ուկրաինացի մարտիկները:
«Այս դրոշը այս պատերազմում մեր հաղթանակի խորհրդանիշն է։ Մենք դիմանում ենք, պայքարում և հաղթում, քանի որ միասնական ենք՝ Ուկրաինան, Ամերիկան և ողջ ազատ աշխարհը»,- եզրափակել է Զելենսկին՝ մաղթելով բոլորին հաղթական նոր տարում։
Նրա ելույթի նախօրեին Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը ողջունել է Զելենսկիի ելույթը Կոնգրեսում։
«Այնտեղ, որտեղ շատ սերունդներ առաջ կանգնած էր Ուինսթոն Չերչիլը, այսօր կկանգնի նախագահ Զելենսկին ոչ միայն որպես նախագահ, այլ նաև որպես ազատության դեսպան», - ասել է Շումերը։
Իր հերթին Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը նշել է, որ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմում հաղթելու համար Ուկրաինային և ԵՄ-ը տրամադրվող օգնությունը նաև ուղղակի ներդրում է՝ միտված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավորությունները նվազեցնելուն՝ Ամերիկային և նրա դաշնակիցներին սպառնալու համար:
Մակքոնելի խոսքերով, Ուկրաինային օգնելը բխում է ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգության, այլ նաև տնտեսական շահերից, քանի որ նպաստում է ռազմական արդյունաբերության և պաշտպանական ոլորտի զարգացմանը՝ ստեղծելով այստեղ հավելյալ աշխատատեղեր:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեքշաբթի օրը Զելենսկիի Վաշինգտոն այցից առաջ հրապարակված նամակում ասել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն անում են ամեն ինչ՝ Ուկրաինային տրամադրելու բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են պատերազմում հաղթելու համար:
«Ուկրաինայի համար պայքարը հենց ժողովրդավարության համար պայքար է»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը։