Փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սանձազերծումից հետո Լեհաստանը դարձել է ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցը Մոսկվայի ագրեսիային դիմակայելու հարցում և ԱՄՆ-ի անփոխարինելի գործընկերը տարածաշրջանում: Ավելի քան 7 միլիոն ուկրաինացիներ ապաստանել են Լեհաստանում։ Այսօր Ուկրաինան և ՆԱՏՕ-ի դաշնակիցները հույսը դնում են Լեհաստանի վրա՝ Ուկրաինային զենք և մարդասիրական օգնություն մատակարարելու հարցում
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց մեկ օր առաջ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելեց Կիև և խոստացավ, որ «Լեհաստանը երբեք մենակ չի թողնի Ուկրաինային»:
Պատերազմը սկսվելուց հետո Լեհաստանը ընդունեց պատերազմից փախած ուկրաինացիներին: Վարշավայի Միերոշևսկու կենտրոնի փոխտնօրեն Լուկաշ Ադամսկին նշում է, որ Լեհաստանը դարձել է միլիոնավոր ուկրաինացի փախստականների տունը։
Բացի այդ, Լեհաստանը նաև վճռորոշ դեր է խաղացել արևմտյան զինատեսակների և հումանիտար օգնության Ուկրաինա մատակարարումները դյուրացնելու գործում:
Ադամսկին ասում է, որ ռուսական սպառնալիքը փոխեց Ուկրաինայի և Լեհաստանի միջև ոչ միշտ հարթ հարաբերությունները։
«Պատերազմը զգալիորեն նպաստեց երկկողմ շփումների ակտիվացմանը, վստահության ահռելի մեծացմանը և միմյանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի։ Այն նաև բացահայտեց, որ երկու պետություններն էլ ունեն ընդհանուր շահ, ապագայի ընդհանուր տեսլական»,- նշում է Ադամսկին։
Your browser doesn’t support HTML5
Մայիսին Լեհաստանի նախագահ Դուդան անձամբ ելույթով հանդես եկավ Ուկրաինայի խորհրդարանում: Նա առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով դա արեց պատերազմի սկսվելուց հետո:
Նա ընդգծել է իր աջակցությունը Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի խնդրանքին և քննադատել Եվրոպայում նրանց, ովքեր Ուկրաինային առաջարկել են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշ պահանջները։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանին ցանկացած տարածքային զիջում հարված կլինի ողջ արևմտյան աշխարհին։
«Միայն Ուկրաինան իրավունք ունի որոշել իր ապագան և դա անել ինքնուրույն։ Միջազգային հանրությունն ու աշխարհը պետք է Ռուսաստանից պահանջեն ամբողջապես դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից և դադարեցնել միջազգային իրավունքի խախտումը»,- հայտարարել է Լեհաստանի նախագահը։
2022 թվականին Լեհաստանը դարձավ Ուկրաինայի հիմնական ռազմական աջակիցներից մեկը և մերձբալթյան երկրների հետ միասին՝ ԵՄ-ը և ՆԱՏՕ-ին Կիևի ինտեգրման լոբբիստը: Վարշավայի ուժեղ աջակցությունն Ուկրաինային նպաստեց Վաշինգտոնի հետ բավականին դժվար հարաբերությունների ժամանակաշրջանի բարելավմանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին այցելել է Լեհաստան ու այնտեղ հանդիպել ուկրաինացի փախստականների և ամերիկացի զինվորականների հետ։ Իր այցի ընթացքում նա հաստատեց Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակները, որոնք ներառում են Ուկրաինայի ժողովրդավարության և ինքնորոշման պայքարի աջակցությունը: Նա նաև Լեհաստանը ճանաչեց որպես կարևոր հարթակ Եվրոպայում ազատության և անվտանգության համար պայքարում:
Վարշավայի թագավորական ամրոցում ունեցած ելույթում նա ընդգծել է Լեհաստանի մայրաքաղաքի պատմական նշանակությունը բռնաճնշումների դեմ պայքարում: Լեհաստանը առանցքային դեր է խաղացել այն իրադարձություններում, որոնք հանգեցրել են Արևելյան Եվրոպայում խորհրդային բլոկի փլուզմանը և Սառը պատերազմի ավարտին:
«Սերունդների ընթացքում Վարշավան կանգնած է եղել այնտեղ, որտեղ վիճարկվել է ազատության ապագան, և ազատությունը հաղթել է: Այսօրվա մարտերը Կիևում, Մարիուպոլում և Խարկովում վերջին ճակատամարտն են երկարատև պայքարում, որը ներառում է Հունգարիայի 1956 թվականի, Լեհաստանի 1956 թ-ի, և հետո կրկին 1981 թ-ի, Չեխոսլովակիայի՝ 1968 թ-ի իրադարձությունները»,- հայտարարել է նախագահ Բայդենը:
Նա ընդգծեց ԱՄՆ-ի հանձնառությունը Ուկրաինային և մատնանշեց, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ամրապնդեցին դաշնակիցների միջև կապերը: Նախագահն ընդգծեց ուկրաինական ուժերի վճռական պայքարի կարևորությոնը:
«Արևմուտքն այժմ ավելի ուժեղ և միասնական է, քան երբևէ: Ռուսաստանը ցանկանում էր իր սահմանին ՆԱՏՕ-ի ավելի քիչ ներկայություն տեսնել, բայց այժմ Պուտինն առերեսվում է ավելի հզոր ու մեծ ներկայությանը՝ այստեղ ավելի քան հարյուր հազար ամերիկացի զինվորականներով, ՆԱՏՕ-ի մյուս բոլոր անդամների հետ միասին»,- նշել է նախագահը:
Միացյալ Նահանգները և Լեհաստանը երկուսն էլ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային:
Համաշխարհային տնտեսության Կիլի ինստիտուտի տվյալներով՝ հունվարի 24-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ը խոստացել է մոտ 55 միլիարդ դոլարի ռազմական, մարդասիրական և ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, մինչդեռ Լեհաստանը՝ մոտ 3 միլիարդ:
Այսպիսով իր տարածքը ուկրաինական պայքարին տրամադրելով՝ Լեհաստանը վերածվել է ԱՄՆ-ի անփոխարինելի դաշնակցի եվրոպական անվտանգության հարցում:
Հոդվածը պատրաստվել է Միրոսլավա Գոնգաձեի նյութի հիման վրա