Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին, Միացյալ Նահանգները հարգանքի տուրք է մատուցում կին իրավապաշտպաններին։
Նախագահ Ջո Բայդենն ընդգծել է. «Աշխարհն ավելի խաղաղ, ապահով և բարգավաճ վայր է, երբ կանանց մարդու իրավունքները հարգվում են, և նրանք կարող են լիարժեք մասնակցել տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքին»:
Երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ կին իրավապաշտպանները հաճախ զոհ են դառնում սեռի վրա հիմնված խտրականության և բռնության բազմաթիվ և խաչվող ձևերի, որոնք սրվում են այլ հատկանիշներով, ինչպիսիք են ռասայական, կրոնական, էթնիկ պատկանելությունը, տարիքը, հաշմանդամությունը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, ինքնաարտահայտումը կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակը:
«Գենդերային ոտնձգությունների, սպառնալիքների և չարաշահումների գործողությունները խոչընդոտներ են ստեղծում ժողովրդավարության և քաղաքացիական կյանքում կանանց լիարժեք և հավասար մասնակցության համար», - ասվում է Փրայսի հայտարարության մեջ:
Չնայած այս մարտահրավերներին, կին իրավապաշտպանները առաջնորդում են աշխարհը յուրաքանչյուր հարցի շուրջ, այդ թվում ավտորիտարիզմի դեմ պայքարը, ժողովրդավարության և հավասար քաղաքական մասնակցության պաշտպանությունը, մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատվության և արդարադատության ձգտումը, ազատ և անկախ լրատվամիջոցների պաշտպանությունը, կլիմայի ճգնաժամի լուծումը և աշխատում բոլորի համար ավելի կայուն ապագա կառուցելու ուղղությամբ:
Կին իրավապաշտպանների միջազգային օրվա կապակցությամբ Միացյալ Նահանգները պարտավորվել է շարունակել աշխատել գործընկերների և դաշնակիցների հետ՝ խթանելու բազմազանությունը, հավասարությունը, ներառականությունը և մատչելիությունը, ինչպես նաև մեծացնելու կանանց ներկայացվածությունն ամբողջ աշխարհում՝ ներառյալ վերացնելով կանանց մասնակցության համակարգային խոչընդոտները՝ քաղաքականության և հասարակական կյանքում։
«Մենք հավատարիմ ենք մնում պաշտպանելու և աջակցելու կին իրավապաշտպաններին իրենց ողջ բազմազանությամբ և շարունակում ենք ընդգծել այն կարևոր դերը, որը նրանք ստանձնել են բոլորի համար մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացման գործում», - վստահեցրել է Փրայսը: