Մինչեւ նախագահական պալատը թողնելը, Բարաք Օբաման երկու հաստատություններից արտաքսեց ռուս 35 դիվանագետների՝ Մոսկվային փորձելով պատժել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու փորձերի համար։ Ռուսաստանն այժմ հայտարարում է, թե իր համբերությունը սպառված է, եւ պահանջում է, որ Թրամփի վարչակազմը հետ վերադարձնի երկու շինությունները։
Երկու հաստատություններից մեկը, որտեղ աշխատում էին դիվանագետները, գտնվում է Մերիլենդ, մյուսը՝ Նյու Յորք նահանգի գեղատեսիլ վայրերում։ Ռուսներն ասում են, թե դրանք դաչաներ են, որոնք օգտագործվել են որպես հանգստավայրեր, ԱՄՆ-ը պնդում է, որ դրանք կիրառվել են հետախուզական նպատակներով։
Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը, չնայած լրագրողների համառությանը, հրաժարվել է մանրամանսություններ հայտնել այժմ անցկացվող բանակցությունների մասին։ Նա չի ասել նաեւ, թե արդյոք պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կողմ է հաստատությունները հետ վերադարձնելու առաջարկին, թե՝ ոչ։
Իսկ Ռուսաստանը հանդես է գալիս պատասխան քայլի դիմելու սպառնալիքներով։
Ինչպես Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ, Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթն է ասում, Ռուսաստանի ներկա դիրքորոշումը շատ է նմանվում խորհրդային քաղաքականությանը։ ՝՝Երբ մենք հայտնաբերում ենք նրանց լրտեսներին ու արտաքսում, նրանք անմիջապես արտաքսում են ամերիկացի նույն թվով դիվանագետների։ Նրանք երբեք չեն ընդունում իրենց մեղքը։ Եվ դա միշտ է եղել նրանց վարվելաձեւը՛՛։
Հերբսթի խոսքերով, չի բացառվում, որ Մոսկվան դիմի պատասխան քայլերի։
Ամերիկան, ասում է նա, նույնպես դաչա ունի Ռուսաստանի տարածքում եւ Ռուսաստանը կարող է վերցնել այն։ ՝՝Հիշում եմ, երբ Օբաման դիմեց այս քայլին, խոսակցություն էր գնում, որ ռուսները կփակեին մեր դեսպանության աշխատակիցների երեխաների համար գործող դպրոցը։ Դա իհարկե շատ տհաճ քայլ կլիներ։ Ու այդ դեպքում մեր կողմից շատ ավելի խիստ պատասխան քայլ կիրագործվեր՛՛։
Երկուշաբթի օրը Պետդեպարտամենտ էր այցելել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը հանդիպում էր ունեցել փոխպետքարտուղար Թոմաս Շենոնի հետ։ Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ԱՄՆ-ում գտնվող իր հաստատությունները հետ ստանալու ուղու վրա է, նա տվել էր կարճ պատասխան՝ ՝՝գրեթե՛՛։
Facebook Forum