2024 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ. ովքեր կստանձնեն Սպիտակ տան համար պայքարը

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ավարտից հետո ուշադրությունը տեղափոխվում է 2024 թվականի նախագահական մրցավապայքարի վրա:

Անցյալ շաբաթ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ պատրաստվում է ևս մեկ անգամ առաջադրվել Սպիտակ տուն վերադառնալու համար:

«Մենք նորից կդարձնենք Ամերիկան ​հզոր: Շատ շնորհակալություն: Աստված օրհնի Ձեզ.",- հայտարարեց Թրամփը:

Ընդամենը օրեր անց Բայդենի վարչակազմի գլխավոր դատախազը նշանակեց հատուկ հետաքննող, որը պետք է հետաքննի, թե արդյոք Թրամփը մասնակցություն է ունեցել 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններին և արդյոք նա գաղտնի փաստաթղթեր է պահել իր մոտ պաշտոնը լքելուց հետո:

Your browser doesn’t support HTML5

Ովքեր կստանձնեն Սպիտակ տան համար պայքարը 2024 թվականին

«Այսօր ես այստեղ եմ՝ հայտարարելու հատուկ հետաքննողի նշանակման մասին՝ կապված երկու շարունակվող քրեական գործերի հետ, որոնք արժանացել են հանրային զգալի ուշադրությանը»,- հայտարարում է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը:

Հայտարարությունները հնչել են ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո: Դեմոկրատները կարողացել են, ի զարմանս շատերի, պահպանել Սենատում մեծամասնությունը: Հանրապետականները վերահսկողության տակ առան Ներկայացուցիչների պալատը, բայց ավելի քիչ ձայների տարբերությամբ, քան կանխատեսվում էր:

Այնուամենայնիվ, Կոնգրեսի պառակտումը նշանակում է, որ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի համար ավելի դժվար կդառնա առաջ մղել սեփական օրենսդրական օրակարգը պաշտոնավարման իր վերջին երկու տարիների ընթացքում:

«Ես հպարտ եմ հայտարարելու, որ Վաշինգտոնում միակուսակցական դեմոկրատների կառավարման դարաշրջանն ավարտվել է»,- հայտարարեց հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթին:

Որոշ հանրապետականներ նշել են, որ Թրամփի կողմից աջակցվող թեկնածուները չեն դրսևրորել իրենց այնպես, ինչպես սպասվում էր՝ հաշվի առնելով Բայդենի դիրքերի թուլացումը տնտեսական խնդիրների պայմաններում: Հանրապետականների որոշ առաջնորդներ ասում են, որ դեմ են Թրամփին որպես իրենց կուսակցության նախագահի թեկնածու:

Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Փոլ Ռայանի կարծիքով հանրապետականները հավանաբար կպարտվեն Սպիտակ տան համար պայքարում, եթե նրանց առաջնորդի Թրամփը: «Եթե կա մեկը, որի անունը Թրամփ չէ, իմ կարծիքով այդ դեպքում մենք կհաղթենք»,- պնդում է նա:

Հանգստյան օրերին, երբ 15 միլիոն մարդ քվեարկեց արտահերթ հարցման ժամանակ, Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերականգնեց Թրամփի հաշիվը։ Կայքն արգելափակել էր Թրամփին 2021 թվականին՝ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո։

Սակայն առայժմ Թրամփը, ըստ հաղորդումների, ասում է, որ հավատարիմ է մնում իր սեփական սոցիալական մեդիա հարթակին՝ Truth Social:

Հոդվածը պատրաստվել է Միշել Քուվինի նյութի հիման վրա