Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատն անցնում է հանրապետականներին


Նախագահ Բայդենը խոստացել է փոխգործակցել ընդդիմության հետ

Հանրապետականները մեծամասնություն ստացան Ներկայացուցիչների պալատում, որով կուսակցությունը մասամբ ամրապնդեց դիրքերը Վաշինգտոնում և լծակներ ստացավ՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրակարգի առաջխաղացումը դանդաղեցնելու համար։

Այնուամենայնիվ, ձայների առավելությունը մեծ չէ, որը մարտահրավեր է հանրապետական առաջնորդների համար և կսահմանափակի կուսակցության հնարավորությունները:

Չորեքշաբթի երեկոյան կոնգրեսական Մայք Գարսիան առավելության հասավ դեմոկրատ Քրիստի Սմիթի նկատմամբ: Սա հանրապետականներին ապահովեց 218 տեղ, որն անհրաժեշտ էր 435 տեղանոց պալատի վերահսկողությունը դեմոկրատներից հանրապետականներին փոխանցելու համար:

Ուժերի վերջնական դասավորվածությունը դեռևս հայտնի չէ և կպարզվի միայն մի քանի օրից, երբ կավարտվի ձայների հաշվարկը մնացած ընտրատարածքներում։

Բայց, բոլոր հաշվարկներով, հանրապետականները կունենան ամենափոքր մեծամասնությունը 21-րդ դարի սկզբից ի վեր:

Սա հեռու է այն ջախջախիչ հաղթանակից, որը կանխատեսում էին հանրապետականները ընթացիկ միջանկյալ ընտրությունների նախօրեին, երբ կուսակցությունը հույս ուներ վերականգնել իր օրակարգը Կապիտոլիումում՝ օգտվելով տնտեսական խնդիրներից և Բայդենի նվազող ժողովրդականությունից:

Այս իրավիճակը կարող է բարդացնել հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթիի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու ծրագրերը, քանի որ որոշ պահպանողական օրենսդիրները չեն կողմնորոշվել դեռևս նրան աջակցելու հարցում:

Մաքքարթին թվիթերյան գրառման մեջ նշել է. «Ամերիկացիները պատրաստ են նոր ուղղության, իսկ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պատրաստ են կատարել իրենց խոստումները»։

Բայդենը շնորհավորել է Մաքքարթիին՝ շեշտելով, որ «պատրաստ է աշխատել Ներկայացուցիչների պալատի հանրապետականների հետ՝ հանուն արդյունքների աշխատավոր բնակչության համար:

«Անցյալ շաբաթվա ընտրությունները ցույց տվեցին ամերիկյան ժողովրդավարության ուժն ու ճկունությունը: Ընտրությունների հերքումը, քաղաքական բռնությունն ու ահաբեկումը կտրականապես մերժվեցին»,- նշել է Բայդենը։ «Հստակ հայտարարություն է արվել, որ Ամերիկայում գերակայում է ժողովրդի կամքը»։

«Ապագան չափազանց խոստումնալից է, որպեսզի հայտնվի քաղաքական պատերազմների թակարդում», - ավելացրեց նա:

Ընտրություններում ձեռք բերված փոքր մեծամասնությունն արմատապես փոխեց հանրապետականների քաղաքականությունը և հանգեցրեց մեղավորների որոնմանը ձախողումների համար։

Կուսակցության անդամներից ոմանք մատնացույց են անում Դոնալդ Թրամփի վրա: Նախկին նախագահը, ով երեքշաբթի հայտնեց, որ երրորդ անգամ է առաջադրվելու Սպիտակ տան համար, օգնել է որոշ թեկնածուներին այս տարվա հանրապետական նախնական ընտրություններում, սակայն նրանցից շատերը հանդիպել են դժվարություններին ընդհանուր ընտրությունների ընթացքում:

Չնայած համեստ արդյունքների, կուսակցությունը, այնուամենայնիվ, ձեռք կբերի զգալի իշխանություն։

Հանրապետականները կվերահսկեն հիմնական հանձնաժողովները Ներկայացուցիչների պալատում, որը նրանց կտա օրենքներ գրելու և Բայդենի, նրա ընտանիքի և նրա վարչակազմի նկատմամբ հետաքննություն սկսելու հնարավորություն:

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի արտասահմանյան բիզնես գործունեության հետաքննությունը։

Ամենապահպանողական օրենսդիրներից ոմանք բարձրացրել են Բայդենին իմփիչմենթի ենթարկել ու հավանականությունը, թեև կուսակցության համար բավականին դժվար կլինի հասնել դրան՝ հաշվիառնելով փոքր մեծամասնությունը։

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG