Ռուսաստանը արգելափակել է «Новая газета» և «Sakh.com» կայքերը

Ռոսկոմնադզորն արգելափակել է «Новая газета»-ն, դրա «Свободное пространство» նախագծի կայքը և «Sakh.com» կայքի երկու տիրույթները: Վարչությունը դա արել է առանց նախազգուշացման և պատճառներ նշելու, իսկ ավելի ուշ «Ինտերֆաքսին» բացատրել է, որ արգելափակման որոշումը կայացվել է, քանի որ «Новая газета»-ի տիրույթները «հայելի» են հանդիսանում «Новой рассказ-газеты» կայքի համար, որը երկրում արգելափակված է եղել 2022 թվականի հուլիսից։

«Новая газета»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ շարունակելու են աշխատել և պատրաստվում են դատարանում բողոքարկել արգելափակման որոշումը։ «Sakh.com»-ը նույնպես հավելել է, որ աշխատում են իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

«Sakh.com»-ը արգելափակվել էր 2022 թվականի օգոստոսին։ 7x7 հրատարակությունում նշված է, որ գարնանը Զինվորների մայրերի խորհուրդը և պատերազմամետ Ժողովրդական ճակատը պահանջել էին ստուգել պորտալը՝ հակառուսական քարոզչություն տարածելու և Ռուսաստանը և Ռուսաստանի ղեկավարներին քննադատելու համար։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, Ռոսկոմնադզորն արգելափակել է առնվազն 7000 կայք, այդ թվում՝ անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպան կազմակերպություններ և սոցիալական ցանցեր։ Ռուսաստանում շատերն օգտագործում են VPN՝ այդ կայքեր մուտք գործելու համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինա ներխուժելուց հետո, Ռուսաստանի իշխանությունները քաղաքացիներին հրամայել են պատերազմը անվանել որպես «հատուկ գործողություն» և վստահել միայն ռուսական պաշտոնական տվյալներին։ Պատերազմի մասին այլ աղբյուրներից տեղեկատվության հրապարակման համար սահմանվել են տուգանքներ և բանտարկություն՝ ռուսական բանակը վարկաբեկելու և դրա մասին կեղծիքներ տարածելու հոդվածներով։ Այս պատճառով էլ երկրում բազմաթիվ լրատվամիջոցներ փակվել կամ հրաժարվել են պատերազմի մասին տեղեկություններ հրապարակելուց։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա: