ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ Բալիում G-20 գագաթնաժողովի շրջանակում, որը կազմակերպել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն:
Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզին դարձել է Մեծ քսանյակի գագաթնաժողովի վայր, ուր հանդիպել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինը։
Աճող լարվածության պայմաններում երկու առաջնորդներն էլ ընդգծել են տարաձայնությունները կառավարելու և հակամարտություններից խուսափելու անհրաժեշտությունը:
«Մենք՝ որպես Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդներ, պետք է դերակատարություն ունենանք ուղղորդելու և սահմանելու ուղղությունները, որպեսզի գտնենք ճիշտ ուղղությունը մեր երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,- ասում է Սին։
Your browser doesn’t support HTML5
Ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ժամանակ Բայդենն ասել է, որ ձգտում է թուլացնել լարվածությունը Թայվանի շուրջ, որը Պեկինն համարում է իր տարածքը:
«Չեմ կարծում, որ Չինաստանի կողմից Թայվան ներխուժելու մոտալուտ մտադրությոն կա, և ես հասկացրեցի, որ Թայվանի նկատմամբ մեր քաղաքականությունն ընդհանրապես չի փոխվել։ Դա նույն դիրքորոշումն է, որը մենք ունեցել ենք: Ես հասկացրեցի, որ մենք ցանկանում ենք տեսնել, որ նեղուցների հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով»,- նշել է ԱՄՆ նախագահ Բայդենը:
Նա ասել է, որ եթե Պեկինը չկարողանա զսպել Հյուսիսային Կորեային, ապա ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել իր դաշնակիցներին տարածաշրջանում:
Երկուշաբթի ավելի վաղ Բայդենը հանդիպեց նախագահ Ջոկո Վիդոդոյին, ով հյուրընկալել է G-20 գագաթնաժողովը: Այստեղ են հավաքվել աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների առաջնորդները:
Բարեկամական մթնոլորտը մոռացության է տալիս Վաշինգտոնի և Ջակարտայի միջև ամիսներ շարունակ տևած ինտենսիվ դիվանագիտական հաղորդակցումը: Սկզբում արևմտյան առաջնորդները սպառնում էին բոյկոտով, եթե Ինդոնեզիան չբացառի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Փոխզիջումը եղավ նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրելու առաջարկը՝ չնայած Ուկրաինան G-20 անդամ չէ: Զելենսկիի մասնակցությունը եղավ վիրտուալ, իսկ Մոսկվան գործուղեց արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Ուկրաինայում պատերազմը և դրա ազդեցությունը համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության վրա G-20 գագաթնաժողովի հիմնական օրակարգում է:
Հոդվածը պատրաստվել է Փեթսի Վիդակուսվարայի նյութի հիման վրա