Երեքշաբթի օրը, Բալիում G20 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Բայդենը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին և նախագահ Էրդողանին՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը: Ամերիկայի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին այդ ահաբեկչության դեմ պայքարում։
Բայդենը նաև խոստացել է իր վարչակազմի աջակցությունը՝ ամերիկյան F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի ցանկությանը։
Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ նախագահը իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի տեղափոխման սևծովյան նախաձեռնությունը վերսկսելու ջանքերի համար։ Երկու նախագահներն ընդգծել են, որ այդ համաձայնագիրը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության բարելավման համար: Նրանք նշել են, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը պետք է շարունակվի:
ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի և գլոբալ ու տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ համակարգումը շարունակելու հարցը:
Հոդվածը պարաստվել է ''Ամերիկայի Ձայն''-ի ռուսական ծառայության նյութի հիման վրա: