Հանրապետականների կանխատեսած «կարմիր ալիքը», որը պետք է վերահսկողության տակ առներ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները միջանկյալ ընտրություններում, տապալվեց։ Ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ դեմոկրատները 2023 թվականին առաջիկա Սենատում կունենան առնվազն 50 տեղ: Հանրապետականները մոտենում են Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ստանձնմանը՝ չնայած որոշ ընտրատեղամասերում կողմերի արդյուքները շատ մոտ են
Դեմոկրատները կպահպանեն Միացյալ Նահանգների Սենատի վերահսկողությունը։ Չնայած Ներկայացուցիչների պալատը և Վերին պալատը կորցնելու կանխատեսումներին՝ նախագահ Ջո Բայդենի կուսակցությունը գերազանցեց բոլոր սպասելիքներն այս ընտրական փուլում:
Սենատոր Քեթրին Կորտես Մաստոն Նևադայից և առաջին լատինաամերիկացի կինը, ով երբևէ ընտրվել է Սենատ, պարտության մատնեց իր հանրապետական մրցակից նախկին նահանգային գլխավոր դատախազ Ադամ Լաքսալտին շատ մոտ ընտրապայքարում:
Հաղթանակը երաշխավորում է, որ դեմոկրատները կպահպանեն Կոնգրեսի առնվազն մեկ պալատ նախագահ Բայդենի ներկայիս պաշտոնավարման վերջին երկու տարիներին:
Սա նաև նշանակում է, որ Նյու Յորքի դեմոկրատ սենատոր Չակ Շումերը կմնա մեծամասնության առաջնորդ: Կամբոջա կատարած ուղևորության ժամանակ Բայդենը ողջունեց այս փաստը:
«Շնորհավորում եմ սենատոր Շումերին: Նա կրկին ստանձնեց մեծամասնության առաջնորդությունը: Մենք այժմ կենտրոնացած ենք Ջորջիայի վրա»,- հայտարարեց Բայդենը՝ կարևորելով մասնակից թեկնածուների հատկությունները:
Your browser doesn’t support HTML5
«Թեկնածուների որակը» այս ընտրություններում կրկնվող թեմա է եղել, երբ Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը նախկինում քննադատել էր իր կուսակցության թեկնածուներին. քննադատությանը միացել էին այլ գործիչներ:
«Թեկնածուի որակային հատկանիշները չափազանց կարևոր են: Ծայրահեղականության զգացում կա, որով լցված են շատ հանրապետականներ՝ իրավացիորեն, թե ոչ… Որպես ամերիկացիներ մենք պետք է անհապաղ պայքարենք ծայրահեղականության դեմ, և այժմ մենք դրան ենք ականատես»,- ասել է Նյու Հեմփշիրի հանրապետական նահանգապետ Քրիս Սունունուն:
Հանրապետական կուսակցության շրջանում դեռ շատ են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընտրված թեկնածուները, որոնք այնքան էլ լավ արդյունքներ չեն գրանցել, ինչպես ակնկալում էր: Օրինակ՝ հայտնի բժիշկ Մեհմեդ Օզը, ով իր ընտրապայքարում պարտվեց Փենսիլվանիայում դեմոկրատ մրցակից Ջոն Ֆեթերմանին, ինչպես նաև Բլեյք Մասթերսը, ով պարտվեց Արիզոնայի դեմոկրատ սենատոր Մարկ Քելիի դեմ պայքարում:
«Ինձ համար այնքան պատիվ է, որ Արիզոնան ինձ վստահել է ևս վեց տարի ներկայացնել մեր նահանգը Միացյալ Նահանգների Սենատում…»,- հայտարարել է սենատոր Քելլին:
Ունենալով 50 տեղ՝ դեմոկրատները փաստացի վերահսկում են Սենատը փոխնախագահ Քամալա Հարիսի ձայնի շնորհիվ, ով հանդիսանում է նաև Սենատի նախագահ:
Սենատի ընտրություններում անորոշ է մնացել միայն մեկ նահանգի արդյունքները. դա Ջորջիան է: Հանրապետական Հերշել Ուոքերը և դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը պատրաստվում են դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին: Ջորջիան մեկն է այն երկու նահանգներից, որոնք պահանջում են, որ թեկնածուն հավաքի բոլոր ձայների առնվազն 50 տոկոսը՝ հաղթելու համար:
Միևնույն ժամանակ, Ներկայացուցիչների պալատում ձայների հաշվարկը շարունակվում է, ուր տեղ-տեղ արձանագրվում է շատ մոտ ընտրապայքար: Հանրապետականները, սակայն, ամենայն հավանականությամբ կանցնեն 218 մանդատների շեմը, որն անհրաժեշտ է մեծամասնություն ապահովելու համար:
«Ինչ արդյունք էլ որ գրանցվի, մենք մեր երկիրը ավելի լավ տեղ տանելու ճանապարհին ենք ի տարբերություն մյուս կողմի»,- հայտարարել է խոսնակ Փելոսին:
Սենատի հստակության հետ մեկտեղ, չի բացառվում, որ անհրաժեշտ կլինեն շաբաթներ Ներկայացուցիչների պալատի վերջնական արդյուքների համար, քանի որ դեռևս շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկը:
Ամերիկացի քաղաքագետները նշում են, որ թեև նոյեմբերի 8-ի ընտրությւոնների վերջնական արդյունքները դեռևս չեն ստացվել, սակայն այսօր վստահորեն կարելի է խոսել դեմոկրատների նշանակալի հաջողության մասին։ Դրա հիմնական պատճառների թվում են, ըստ Օրեգոնի Խաղաղօվկիանոսյան համալսարանի փորձագետ Ջիմ Մուրի և Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետ Ռաֆայել Սոնենշայնի, հանրապետականների՝ տնտեսական խնդիրների վերաբերյալ հանրապետականների հստակ առաջարկների ու բաղադրատոմսերի բացակայությունը, ինչպես նաև Թրամփի գաղափարների ժողովրդականության նվազումը, որոնցով առաջնորդվում էին հանրապետական որոշ թեկնածուներ այս ընտրություններում:
Հոդվածը պատրաստվել է Արաշ Արաբասադիի, Եվա Բոլդինի և Ելենա Մատուսովսկայայի նյութերի հիման վրա