Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսում ուժերի հարաբերակցության հարցը մնում է անորոշ, քանի որ ձայների հաշվարկը շարունակվում է մի շարք վիճելի ընտրատեղամասերում: Հանրապետականների ակնկալվող կարմիր ալիքը տեղի չունեցավ, ուստի չի բացառվում, որ դեմոկրատներին կհաջողվի պահել իշխանությունը չնչին առավելությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար դեռևս պարզ չէ, թե քաղաքական որ ուժի կողմից վերահսկվող Կոնգրեսի հետ է նա աշխատելու առաջիկա երկու տարիներին, սակայն նա արդեն ազդարարում է հաղթանակի մասին:
«Մամուլը և փորձագետները հսկա կարմիր ալիք էին կանխատեսում, բայց դա տեղի չունեցավ»,- հայտարարել է նախագահ Բայդենը:
Պատմականորեն, ԱՄՆ-ի նախագահի կուսակցությունը միջանկյալ ընտրություններում զգալի պարտություններ են կրում Կոնգրեսում: Բայց այս անգամ դեմոկրատները հաղթեցին կոշտ ընտրապայքարում այնպիսի տեղերում, ինչպիսիք են Վաշինգտոն մայրաքաղաքի մոտ Վիրջինիա նահանգի արվարձանները՝ թույլ չտալով հանրապետականներին ապահովել զգալի մեծամասնություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Հանրապետական ներկայացուցիչ Քևին Մաքքարթին, ամենայն հավանականությամբ, կստանձնի Ներկայացուցիչների պալատի հաջորդ նախագահի պաշտոնը հանրապետականների հաղթանակի դեպքում:
«Հանրապետականները կաշխատեն յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է միանալ մեզ՝ այս նոր ուղղությունն ապահովելու համար, որին ձգտում են ամերիկացիները»,- հայտնել է Մաքքարթին:
Սակայն վերլուծաբաններն ասում են, որ նրա օրակարգը կլինի սահմանափակ:
«Քևին Մաքքարթիի համար շատ դժվար կլինի պահպանել միասնությունը, քանի որ հավանաբար մեծամասնությունը կլինի շատ փոքր, աննշան: Դա պահանջելու է իրական հմտություն ցանկացած հանգամանքներում, որպեսզի պահպանվի միասնությունը»,- նկատում է Ամերիկյան համալսարանի փորձագետ Գարեթ Մարտինը:
Սենատում ևս արձանագրվեցին անսպասելիորեն մոտ արդյունքներ ողջ երկրում, ներառյալ Փենսիլվանիայում Ջոն Ֆեթերմանի հաղթանակը հանրապետական թեկնածու դոկտոր Մեհմեդ Օզի հանդեպ: Չի բացառվում, որ Սենատում դեմոկրատներին հաջողվի պահպանել մեծամասնությունը: Ֆեթերմանի ներկայացրած առաջնահերթությունների թվում են կանանց ընտրության իրավունքի պաշտպանությունը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, արհմիությունների ուժեղացումը, առողջապահության ոլորտի զարգացումը:
Վերլուծաբանները սակայն պնդում են, որ այս օրակարգը դժվար կլինի անցկացնել, եթե դեմոկրատները առավելություն ստանան միայն փոխնախագահ Քամալա Հարիսի ձայնի շնորհիվ:
Երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ Ջորջիա նահանգի ընտրողները կարող են որոշել ԱՄՆ Սենատի վերահսկողության հարցը: Պայքարող թեկնածուներն են դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը և հանրապետական թեկնածու Հերշել Ուոքերը: Ջորջիայի որոշ ընտրողներ ասում են, որ չեն ցանկանում իրենց ձայնը տալ կուսակցություններից որևէ մեկի:
«Կարծում եմ, որ մենք պարզապես պետք է վերադառնանք ճանապարհի կեսին: Մենք շատ ենք գնացել դեպի ձախ, դեպի հատուկ շահեր»,- նշել է Ջորջիա նահանգից ընտրող Բեթսի Նենեցը:
Նրանք նաև դիտարկում են իշխանությունը մի ուժից մյուսին փոխանցելու գինը:
«Այնպիսի տպավորություն է, որ հենց որ ինչ-որ բան իսկապես լավ է ընթանում, մենք շրջվում ենք ու գնում այլ ճանապարհով: Եվ դա պարզապես հետ ու առաջ է, որը կարծես թե հավերժ է: Դա այն է, ինչ կա, որը ժողովրդավարություն է»,- պնդում է ընտրող Հիզեր Փաքերը Ջորջիայից:
Հնարավոր է, որ ուժերի վերջնական հարաբերակցությունը հայտնի չլինի մինչև դեկտեմբերի 6-ը, երբ ընտրողները երկրորդ փուլում կքվեարկեն Ուորնոքի և Ուոքերի թեկնածությունների շուրջ, քանի որ Ջորջիա նահանգի այս ընտրություններում Սենատի տեղի համար թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի:
Հոդվածը պատրաստվել է ԱՄՆ կոնգրեսում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Քեթրին Ջիփսոնի նյութի հիման վրա