Մատչելի հղումներ

Թրամփի կողմնակիցների մի մասը պարտվել է ընտրություններում


Ինչպես անցան ԱՄՆ միջանկյալ ընտրությունները նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից թեկնածուների համար: Ձայների հաշվարկը շարունակվում է, ուստի վերջնական արդյունքները դեռևս անորոշ են

Դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը հաղթանակ տարավ ծանր ընտրապայքարում հանրապետական թեկնածու դոկտոր Մեհմեդ Օզիի նկատմամբ, ում աջակցում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Ֆեթերմանը, ով այս տարի ապաքինվել է ծանր հիվանդությունից հետո, շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին աջակցության համար։

«Այսօր երեկոյան, ձեր օգնությամբ ես կդառնամ Փենսիլվանիա նահանգից ԱՄՆ հաջորդ սենատոր»,- հայտարարել է Ֆեթերմանը:

Գրող և վենչուրային կապիտալիստ Ջեյ Դ. Վենսը, ով աջակցություն է ստացել Թրամփի կողմից, հաղթել է Օհայոյի Սենատում դեմոկրատ Թիմ Ռայանի դեմ պայքարում:

Փենսիլվանիայի դեմոկրատ Ջոշ Շապիրոն զբաղեցրել է նահանգապետի աթոռը Թրամփի կողմից աջակցվող թեկնածու Դագ Մաստրիանոյի փոխարեն:

Միջանկյալ ընտրություներն ու Թրամփը
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

Նյու Հեմփշիրի դեմոկրատ սենատոր Մեգգի Հասանը առավելության է հասել Թրամփի աջակցությունը վայելող հանրապետական Դոն Բոլդուկիի հանդեպ:

«Ինձ համար պատիվ էր ներկայացնելու Հանրապետական կուսակցությունը ԱՄՆ Սենատի ընտրություններում այստեղ՝ Նյու Հեմփշիրում»,- հայտարարել է Բոլդուկին:

Գրեթչեն Ուիթմերը իր հերթին վերընտրվեց Միչիգանի նահանգապետ՝ հաղթելով Թրամփի կողմից աջակցություն ստացած հանրապետական Թուդոր Դիքսոնին։

«Այս հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ նահանգային իշխանությունը չի պատկանում որևէ անձին կամ քաղաքական կուսակցությանը: Այն պատկանում է բոլորիս»,- հայտարարել է Ուիթմերը։

Կոնգրես վերադարձողների թվում են Թրամփի դաշնակից, պահպանողական Մարջերի Թեյլոր Գրինը, ով ներկայացնում է Ջորջիան Ներկայացուցիչների պալատում, ինչպես նաև Թրամփի մեկ այլ դաշնակից՝ սենատոր Ռոն Ջոնսոնը Վիսկոնսինից:

Կոնգրես չվերընտրվածների թվում է կոնգրեսական Լիզ Չեյնին Վայոմինգ նահանգից, ով կարևոր դեր էր խաղացել հունվարի 6-ի լսումներում, որոնք քննում էին Թրամփի դերը 2021 թվականին Կոնգրեսի վրա հարձակման գործում: Չեյնին հանրապետականների նախնական ընտրություններում զիջեց Թրամփի հավատարիմ գործիչ Հարիեթ Հեյգմանին, ով հաղթեց նաև համընդհանուր ընտրություններում՝ զբաղեցնելով Չեյնիի աթոռը Կոնգրեսում:

Դեռևս պարզ չէ Արիզոնայի նահանգապետի ընտրությունների ճակատագիրը Թրամփի կողմից աջակցվող Քարի Լեյքի և դեմոկրատ Քեթի Հոբսի միջև պայքարում: Նույնը վերաբերում է Արիզոնայի սենատորի մանդատին, ուր ընտրապայքարի մեջ են Թրամփի կողմից աջակցվող Բլեյք Մասթերսը և գործող սենատոր դեմոկրատ Մարկ Քելին:

Պարզ չեն նաև Ջորջիայի նահանգից սենատորի ընտրության արդյուքները, ուր գործող սենատոր Ռաֆայել Ուորնոքը պայքարի մեջ է Թրամփի կողմից աջակցվող Հերշել Ուոքերի հետ:

Ձայների հաշվարկը կորոշի Կոնգրեսի կազմը և երկու կուսակցությունների հետագա քայլերը։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Մայք Օ'Սալիվանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG