Ավելի վաղ դատարանը որոշել էր, որ Մակիչյանների ընտանիքը 18 տարի առաջ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամանակ կեղծ տեղեկություններ է ներկայացրել
Մոսկվայի դատարանը Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել է հայազգի բնապահպան և հակապատերազմական ակտիվիստ Արշակ Մակիչյանին, ով ժամանակին հայտնի էր բնապահպանական հարցերի շուրջ իր միայնակ բողոքի ակցիաներով:
Այս մասին հայտնել են ակտիվիստն ու նրա փաստաբանը։
Ըստ նրանց՝ դատարանը քաղաքացիությունից է զրկել նաեւ Ռուսաստանում գտնվող նրա երկու եղբայրներին եւ ծնողին։
Մակիչյանը իր և իր ընտանիքիք անդամներին քաղաքացիությունից զրկելու մասին դատարանի որոշումը որակում է որպես վրեժխնդրություն իր քաղաքական գործունեության համար։
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի գործընկեր Մակիչյանն այժմ բնակվում է Բեռլինում:
Նա հայտնի դարձավ հատկապես 2019 թվականին, երբ Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում շուրջ մեկ ամիս իրականացրեց անհատական բողոքի ակցիաներ:
Անցյալ տարի նա փորձեց առաջադրվել Պետդումայի պատգամավորության համար և օգնել մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի նրա քարոզարշավում:
Վերջին ամիսներին նա բազմիցս արտահայտվել է Ուկրաինա ռուսական ուժերի ներխուժման դեմ։
Հայաստանում ծնված Մակիչյանին և նրա ընտանիքին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու որոշումանը նախորդել էր անցյալ շաբաթ դատարանի մեկ այլ որոշում, ըստ որի նրանք կեղծ տեղեկություններ են ներկայացրել 2004 թվականին քաղաքացիություն ստանալու համար: Այդ ժամանակ Արշակ Մակիչյանը 10 տարեկան էր։
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա