Նախագահ Ջո Բայդենը և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ դատապարտել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու դեմ հարձակումը: Նրանք կոչ են անում վերջ տալ քաղաքական բռնությանը նոյեմբերի 8-ին սպասվող ընտրությունների պայմաններում
Հանգստյան օրերին ԱՄՆ-ի ամենահզոր քաղաքական գործիչներից մեկի ամուսնու վրա կատարված հարձակումն ի ցույց է դնում, թե որքան պառակտված է հասարակությունը հերթական ընտրություններից առաջ:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հաջողվել է խուսափել հարձակումից, փոխարենը Սան Ֆրանցիսկոյի իրենց տանը ծանր վիրավորվել է նրա 82-ամյա ամուսին Փոլը։
«Սա միտումնավոր կատարված հանցանք էր: Դա անընդունելի է: Մեր ընտրված պաշտոնյաներն այստեղ են հանուն իրենց քաղաքների, շրջանների, նահանգների և այս ազգի աշխատելու»,- նշում է Ուիլյամ Սքոթը՝ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանական բաժանմունքի ղեկավարը:
Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է հարձակումը։
«Բավական է, բավական: Յուրաքանչյուր բարի խղճով մարդ պետք է հստակ և միանշանակ դեմ հանդես գա մեր քաղաքականության մեջ բռնության նկատմամբ անկախ նրանից, թե ինչպիսին են քաղաքական հայացքները: Մենք բոլորս միասին պետք է անենք դա որպես ամերիկացիներ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Your browser doesn’t support HTML5
Նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ «ոմանք, ովքեր պաշտոնավարում են կամ ձգտում են պաշտոնավարել, աշխատում են պառակտում առաջացնել»:
Փորձագետներն ասում են, որ բռնությունը գալիս է տարբեր կողմերից: Ամռանը Գերագույն դատարանի պահպանողական դատավորները մահվան սպառնալիքների բախվեցին՝ կապված հղիության արհեստական դադարեցման վերաբերյալ որոշումների հետ: Հանրապետականները նույնպես մտահոգություն են հայտնել.
Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը Թվիթերում իր բարեմաղթանքներն է հղել Փելոսիի ընտանիքին: Իր հերթին, նախկին փոխնախագահ Մայք Փենսը թվիթերում գրել է, որ «չի կարող լինել հանդուրժողականություն պետական պաշտոնյաների կամ նրանց ընտանիքների նկատմամբ բռնության հարցում»:
Իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում լռություն պահպանելուց հետո, վերջապես, հարձակումը որակեց որպես «սարսափելի երևույթ»: Թրամփը հեռացվել է Twitter-ից 2021 թվականի հունվարի 6-ին այն բանից հետո, երբ սոցհարթակը համարեց, որ նրա հաղորդագրությունները դրդում են իր կողմնակիցներին բռնությանև ապստամբության Կապիտոլիումում՝ ի պատասխան Թրամփի կեղծ հայտարարության, որ 2020 թվականի ընտրությունները կեղծվել են: Նրա թվիթերից մի քանիսը ուղղված էին Փենսի դեմ, ով հրաժարվեց գործել հօգուտ Թրամփի ձայների հավաստագրման ժամանակ:
Որոշ քննադատներ մեղադրում են Թրամփին միջանկյալ ընտրությունների շուրջ սրված մթնոլորտի համար։ Իր հերթին միլիարդատեր Իլոն Մասկը, ով օրեր առաջ ձեռք է բերել Twitter-ը, այստեղ հղում է կատարել ծայրահեղական մի կայքի անհիմն լուրերին Փելոսիի ամուսնու վրա հարձակման մասին: Ավելի ուշ այն ջնջվեց, երբ քննադատները հայտարարեցին, որ դա ապատեղեկատվություն է:
Մասկը ակնարկել է, որ կվերականգնի Թրամփին Twitter-ում։
«Այն հնարավորությունը, որ Թրամփը կվերադառնա Twitter, ցնցում է շատերին, քանի որ մարդիկ անհանգստացած են, որ դա պարզապես կխորացնի գերպառակտված միջավայրը, որին մենք բախվում ենք, կուժեղացնի ծայրահեղ հռետորաբանությունը, և կդրդի նոր բռնությունների, որոնք կլինեն շարունակական»,- կարծում է Դարել Ուեսթը Բրուքինգս ինստիտուտից:
Արդարադատության նախարարությունը խոստացել է «երաշխավորել ազատ և արդար ընտրությունների» անցկացումը բոլորի համար և չհանդուրժել ընտրողներին ահաբեկելը: Արիզոնայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգությունը ընտրությունների հետ կապված մի շարք միջադեպերից հետո:
Իսկ Վիսկոնսինի վիճելի նահանգում սոցհարցման ոլորտի աշխատակիցները դասընթացներ են անցկացնում՝ լարված ընտրություններին նախապատրաստվելու համար:
«Մարդիկ պետք է մասնակցեն քաղաքականությանը: Որքան շատ մարդ մասնակցի, այդքան ուժեղ կլինի մեր համակարգը, և դա կօգնի ճնշել ծայրահեղականների ձայնը: Այսպիսով, մարդիկ պետք է քվեարկեն: Նրանք պետք է իրենց տեսակետները արտահայտեն խաղաղ ճանապարհով։ Իսկ եթե անհատները դա անեն, մեր երկիրն ավելի լավ վիճակում կլինի»,- ասում է Դարել Ուեսթը Բրուքինգս ինստիտուտը։
Այսօր արդեն ամբողջ երկրում ընթանում է վաղաժամ քվեարկություն, իսկ ընտրությունների օրը նոյեմբերի 8-ին է:
Հոդվածը պատրաստվել է Անիտա Փաուելի նյութի հիման վրա