Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ստացավ իր երկրորդ COVID-19 խթանիչի պատվաստումը և հորդորեց ամերիկացիներին անել նույնը ԱՄՆ գլխավոր տոներից և ձմեռային գրիպի սեզոնից առաջ: Սակայն ԱՄՆ Կոնգրեսն այլևս չի ֆինանսավորում COVID-19-ի հետ կապված օգնությունը, ուստի պարզ չէ, թե ինչպիսի իրավիճակում են հայտնվել այն երկրները, որոնց ԱՄՆ-ը խոստացել է օգնել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ստացել է իր չորրորդ COVID-19 պատվաստումը և բոլոր ամերիկացիներին կոչ արել անել նույնը՝ անցնելով ամենամյա խթանիչներին:
«Մենք այստեղ ենք մի պարզ ուղերձով. պատվաստվե՛ք, թարմացրե՛ք ձեր COVID-ի պատվաստանյութը: Դա աներևակայելի արդյունավետ է, բայց ճշմարտությունն այն է, որ քիչ մարդիկ են ստանում այն»,- նշել է նախագահը:
Սպիտակ տունը Կոնգրեսին խնդրել է հաստատել 22 միլիարդ դոլար՝ COVID-ի դեմ պայքարի համար։
Ամեն ինչ կախված է գալիք ընտրությունների արդյունքներից, քանի որ շուտով ընտրողները կգնան ընտրատեղամասեր՝ առաջիկա շաբաթներին նոր օրենսդիրներ ընտրելու համար:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք Կոնգրեսին շատ պարզ բացատրել ենք, թե որքան կարևոր է շարունակել այս ֆինանսավորումը՝ համուզվելու, որ մենք ունենք նոր պատվաստանյութեր և շարունակական բուժում՝ մարդկանց անվճար տրամադրելու համար»,- նշել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարինե Ժան-Պիեռը:
Your browser doesn’t support HTML5
Սպիտակ տան COVID-19-ի գլխավոր համակարգողն իր հերթին հայտնել է, որ պատվաստանյութերի համաշխարհային պահանջարկը նվազել է: Սպիտակ տնից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են, որ ԱՄՆ-ն իր խոստացած նվիրատվություններից մոտ 600 միլիոն չափաբաժին է փոխանցել: Գլխավոր համակարգողն ամերիկացիներին հորդորեց աջակցել շարունակական գլոբալ օգնությանը:
«Մեր շահից զատ, Ամերիկան մի երկիր է, որը խորապես ներգրավված է աշխարհում: Նախագահը վերականգնել է ամերիկյան առաջնորդությունը համաշխարհային առողջապահության հարցում, որը շատ տարբեր էր նախորդ նախագահի օրոք: Եվ այսպիսով, մի ամբողջ շարք պատճառներից ելնելով՝ շատ կարևոր է, որ Ամերիկան շարունակի առաջատար լինել: 4 միլիարդ դոլարը փոքր ներդրում է, որը պետք է կատարվի՝ ավելի լավ պաշտպանելու ամերիկացիներին և ավելի լավ պաշտպանելու աշխարհը»:
Առողջապահության ոլորտի փորձագետները համաձայն են, սակայն պնդում են, որ արձագանքը պետք է համապատասխանի համաճարակի տարածմանը:
«Այս պահին մենք շատ քիչ բան պետք է անենք՝ ավելի շատ պատվաստանյութեր ձեռք բերելու համար։ Մենք իրականում գնել ենք ավելին, քան անհրաժեշտ է: Այժմ պետք է համոզվենք, որ մենք պատվաստանյութերը վերածում ենք պատվաստումների»,- ասում է Դյուկ համալսարանի Գլոբալ Առողջապահության Ինովացիոն կենտրոնի տնօրեն Կրիշնա Ուդայակումարը:
Սպիտակ տան պաշտոնյաներն ընդունում են, որ սա մեծ և թանկարժեք խնդիր է: Դրա հետ մեկտեղ վարչակազմը բոլոր ամերիկացիներին կոչ է անում կատարել իրենց պատասխանատվության բաժինը և պատվաստվել:
Հոդվածը պատրաստվել է Սպիտակ տան թղթակից Անիտա Փաուելի նյութի հիման վրա