Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։ Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեվինը:
Պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել՝ Սուրբ նահատակների հիշատակը:
ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության անդամները այնուհետև հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քննարկելու Հայաստանում ժողովրդավարական զարգացումները, հայ-ամերիկյան փոխգործակցությունը և այլ առաջնահերթություններ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության առաջ մղման հեռանկարները։