ԱՄՆ օրենսդիրների խումբը, որը հետաքննում է 2021 թ-ի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը, քվեարկել է ի օգուտ նրա, որ նախկին նախագահ Թրամփը վկայություն տա հունվարի 6-ի գործի շրջանակում
Ամերիկացի օրենսդիրները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ստիպում են ցուցմունք տալ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման մեջ իր ունեցած հնարավոր դերակատարության մասին:
«Հունվարի 6-ի իրադարձությունների հիմնական պատճառը մեկ մարդ է՝ Դոնալդ Թրամփը, որին հետևեցին շատ ուրիշներ: Այս ամենը տեղի չէր ունենա առանց նրա: Նա անձամբ ներգրավված է եղել այդ ամենում»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Լիզ Չեյնին:
Ամերիկյան պատմության ընթացքում մի քանի անգամ ԱՄՆ Կոնգրեսը ստիպել է նախագահներին վկայություններ տալ, սակայն դա հազվադեպ երեւույթ է:
Օրենսդիրները նշել են, որ այս հարձակումը չափազանց լուրջ է, ուստի պահանջվում է, որ Թրամփը ենթարկվի հարցաքննության:
«Օրենքի շրջանակում նրանից պահանջվում է պատասխան տալ այն միլիոնավոր ամերիկացիներին, որոնց ձայները նա ցանկանում էր անտեսել՝ որպես իշխանությանը մնալու իր ծրագրի մի մաս: Այս հանձնաժողովը կպահանջի հաշվետու լինել հունվարի 6-ի իրադարձության համար յուրաքանչյուր ամերիկացու առջև»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմսոնը։
Թրամփը քննադատել է հանձնաժողովի աշխատանքը՝ այն որակելով անարդար, քանի որ այն բաղկացած է դեմոկրատներից և երկու հանրապետականներից, որոնք քվեարկել են նրան իմպիչմենտի ենթարկելու օգտին: Բայց լսումներում ներկայացված վկայությունների մեծ մասը հնչեցվել են նրա աշխատակազմի և կուսակցության անդամների կողմից:
«Այս բոլոր ապացույցները գրեթե ամբողջությամբ գալիս են հանրապետականներից: Ապացույցները, որոնք ի հայտ են եկել, չեն հնչեցրել դեմոկրատները կամ Դոնալդ Թրամփի հակառակորդները»,- ասում է կոնգրեսական Թոմսոնը:
Վերջնական հանրային լսումների ժամանակ քննիչները ցուցադրեցին նոր տեսագրություն, թե ինչպես է Կոնգրեսի ղեկավարությունը շտապում անվտանգ, չբացահայտված մի վայր՝ փորձելով օգնություն կանչել, երբ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում և բացահայտեցին, որ Գաղտնի ծառայությունը տեղյակ էր սպառնալիքի մասին նախքան հարձակումը:
Հանձնաժողովը իրավասու չէ քրեական մեղադրանք առաջադրել, սակայն կարող է իր բացահայտումները փոխանցել ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
«Մենք բավրար տեղեկատվություն ունենք բազմաթիվ անձանց դեմ քրեական հետապնդման համար»,- հայտարարել է կոնգրեսական Չեյնին:
Ակնկալվում է, որ հանձնաժողովն իր արդյունքների վերաբերյալ զեկույց կներկայացնի առաջիկա ամիսներին: Դեռևս չկա որևէ ազդանշան, որ Թրամփը պատրաստվում է բավարարել հանձնաժողովի պահանջը, որի ամնտեսումը, սակայն, կարող է հանգեցնել Կոնգրեսին պահանջը անտեսելու մեղադրանքին:
Հոդվածը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Քեթրին Գիփսոնի նյութի հիման վրա