Ռազմական դրոները հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաքին երկուշաբթի առավոտյան: Դրանց նախորդել էին անցած շաբաթ ռուսական հրթիռային հարձակումները
Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ իրանական արտադրության «Շահիդ-136» անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կիևին: Ռուսաստանը դրանք օգտագործում է՝ այսպես կոչված կամիկաձե դրոների հարձակումներ իրականացնելու համար:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածների է ենթարկվել Կիևի կենտրոնական Շևչենկոյի շրջանը: Սա այն նույն տարածքն է, որը ռուսական հրթիռները խոցել են անցյալ շաբաթ՝ ամբողջ երկրում լայնածավալ ավիահարվածների ժամանակ: Երկուշաբթի հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան այստեղ մի քանի պայթյուն է որոտացել:
Քաղաքապետ Կլիչկոն ասել է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վնասվել են մի քանի բնակելի շենքեր և հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում:
Twitter-ում ԱՄՆ դեսպանատունը Կիևում խաղաղ բնակիչների դեմ օդային հարձակումները որակել է «հուսահատ և դատապարտելի… Մենք հիանում ենք ուկրաինացի ժողովրդի ուժով և տոկունությամբ: Մենք ձեր կողքին կլինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։
Your browser doesn’t support HTML5
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել է, որ այդ և այլ վայրերում արձանագրված հարվածները պատասխան են Ղրիմը Ռուսաստանին կապող ռազմավարական կամրջի վրա հարձակման:
«Ամբողջ գիշեր և առավոտ թշնամին ահաբեկել է խաղաղ բնակչությանը», - Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին։ «Կամիկազե անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները հարձակվում են ողջ Ուկրաինայի վրա։ Թշնամին կարող է հարձակվել մեր քաղաքների վրա, բայց չի կարող մեզ կոտրել»։
Կիևի բնակիչ 38-ամյա Քրիս Յորքն ասում է, որ մարդիկ սովորել են ապրել նման դժվար պայմաններում, քանի որ դա միակ ելքն է:
«Ուկրաինան հաղթում է պատերազմում: Կարծում եմ՝ դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում այժմ: Ռուսաստանը մի քանի շաբաթ առաջ բռնակցեց կամ հայտարարեց, որ բռնակցում է տարածքներ, իսկ այսօր Ուկրաինան արդեն ազատագրում է դրանց զգալի հատվածը: Ուստի ես լիովին հավատում եմ, որ Ուկրաինան կարող են հաղթել եւ հաղթում են: Խնդիրն այն է, թե որքան ժամանակ է դրա համար անհրաժեշտ և ինչ կորոշի անել Պուտինն այդ ընթացքում»,- ասում է նա:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին Telegram-ում կատարած իր գրառման միջոցով հաստատել է, որ այսօրվա հարձակումներն իրականացվել են այսպես կոչված կամիկաձե անօդաչու սարքերիի միջոցով:
BBC-ի հաղորդմամբ, Կիևի Շևչենկովսկի շրջանում շարունակվում են փրկարարական աշխատանքներ տարվել հարվածի արդյունքում փլատակների տակ հայտնվածներին դուրս բերելու համար: Հարվածի արդյունքում մասնակի փլուզվել բազմաբնակարան բնակելի մի շենք:
Փրկարարական աշխատանքների գոտին շարունակում է մնալ փակված։ Այս պահին իշխանություններն արդեն հաստատել են չորսը զոհ, այդ թվում՝ հղի մի կին: Վնասվել է նաեւ փողոցի մյուս կողմում գտնվող էներգետիկ ընկերության շենքը, որը չի բացառվում, որ հանդիսացել է հարձակման թիրախ։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա