6 ամսական Ժենիան իր ծննդյան օրվանից ի վեր ապրում է Խարկովի ապաստարանում

Իր ծննդյան օրվանից ապաստարանում ապրող փոքրիկը կարող է զբոսանքի դուրս գալ միայն Խարկովի գործարանի բակով: Նա զբոսանքի է դուրս գալիս մանկասայլակով՝ իր մայրիկի և խաղալիք կապույտ նապաստակի հետ:

Նրա մայրը՝ 39-ամյա Օլհա Շևչենկոն, յոթ ամսական հղի էր, երբ բռնկվեց փետրվարի 24-ի պատերազմը: Նույն առավոտյան ուկրաինական Պրուդյանկա գյուղում գտնվող նրա տունը ավերվեց գնդակոծությունից:

«Առավոտյան ժամը հինգին մեզ արթնացրեց ռումբերի ձայնը: Ծայրամասային գնացքները դադարեցրել էին աշխատանքը, ուստի մենք չէինք կարողանում հեռանալ»,- ասել է նա:

Վախենալով, որ ռուսական զորքերը շուտով կհասնեն իր տուն, որը գտնվում էր Խարկովից հյուսիս՝ սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա, նա ի վերջո կարողացավ փախչել հարևանի մեքենայով իր երկու ավագ որդիների՝ 17-ամյա Նիկոլայի և 16-ամյա Անդրիի հետ:

Երբ նրանք հասան Ուկրաինայի երկրորդ քաղաք, նա նորից միացավ իր ամուսնու՝ Եվգենի հետ և առաջարկեց ապաստան գտնել գործարանի տակ գտնվող ապաստարանում:

Your browser doesn’t support HTML5

Օլհա Շևչենկոն յոթ ամսական հղի էր, երբ բռնկվեց փետրվարի 24-ի պատերազմը

Անցյալ ամիս նրանց որդիները՝ Նիկոլայը և Անդրեյը մեկնել են Լեհաստան, որտեղ ընկերները նրանց օգնել են կացարան և դպրոց գտնել: Սակայն, ընտանիքի մնացած անդամները դեռ ապաստարանում են:

«Երբ փոքր աղջիկ էի, պապիկիս հարցնում էի, թե ինչի՞ համար է այս ապաստարանը: Այժմ, ունեմ այդ հարցիս պատասխանը», - նշում է նա:

Նրա դուստրը՝ Ժենիան ծնվել է մոտակա ծննդատանը:

«Հաջորդ օրը մենք դուրս գրվեցինք հիվանդանոցից, որպեսզի գանք այստեղ», - հավելել է Օլհան՝ օրորելով իր երեխային:

Քանի որ Խարկովում վերսկսված գնդակոծությունը նրանց համար ավելի ու ավելի վտանգավոր է դարձնում դրսում գտնվելը, ընտանիքը ապաստարանում հարմարանքներ է ստեղծել՝ այնտեղ ապրելու համար:

Այն միացված է էլեկտրացանցին և համալրված է ճաշ պատրաստելու հարմարություններով, սննդամթերքով, գրքերով, խաղալիքներով և նույնիսկ հեռուստացույցով.:

«Մենք, անշուշտ, ձմեռը կանցկացնենք այստեղ, քանի որ գնալու տեղ չունենք», - ասել է Օլհան։ «Չենք պատրաստվում վերադառնալ տուն, քանի որ այն վերակառուցելու համար երկար ժամանակ կպահանջվի»։

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: