"Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը մեզ համար առաջնահերթություն է մնալու". ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս

"Գալիք շաբաթների և ամիսների ընթացքում կարող եք ակնկալել ամերիկյան շարունակական ներգրավվածություն, ամերիկյան՝ բարձր մակարդակի շարունակական ներգրավվածություն հայ-ադրբեջանական բանակցություններում",- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա հիշեցրել է Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ սա վերջին ռազմական գործողություններից հետո առաջին հանդիպումն էր նման ձևաչափով:


"Երեկ դուք տեսաք, որ պետքարտուղարը հնարավորություն ունեցավ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ֆիլ Ռիկերը՝ այս հարցերի շուրջ մեր ավագ խորհրդականը, ամենօրյա կապի մեջ է եղել երկու երկրների անհատների և շահագրգիռ կողմերի հետ: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավված մնալ այս հարցում: Ես չեմ կարող կոնկրետ արդյունք խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ դա մեզ համար առաջնահերթություն է մնալու",- հավելել է Փրայսը: