Պրահայում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Սա այս առաջնորդների առաջին հանդիպումն էր: Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են շուրջ 13 տարի առաջ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում:
Էրդողանն ու Փաշինյանը մասնակցում են Չեխիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հանդիպման մասին դեռևս որևէ մանրամասներ հայտնի չեն:
Թուրքիայի նախագահի թվիթերյան էջն այս կապակցությամբ գրել է. «Նախագահ Էրդողանը, ով Պրահայում է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու համար, ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Իր հերթին ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում առկա է գրառում հանդիպման մասին, ուր, մասնավորապես, ասված է. «Տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը»:
Հանդիպմանը հայկական պատվիրակության կողմից թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցում էին նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմից ներկա էին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը և հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
Այս հանդիպմանը նախորդել էր Փաշինյանի հանդիպումը քառակողմ ձևաչափով Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: