Բլինքենն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների մասին քննարկումների կարևորությունը Ալիևի հետ զրույցում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության տեղեկությամբ «պետքարտուղար Բլինքենը երախտագիտություն է հայտնել այն դրական քայլերի համար, որոնք Ադրբեջանը և Հայաստանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու ուղղությամբ, ներառյալ վերջերս ԱԳ նախարարների և առաջնորդների միջև ուղիղ բանակցությունները։ Պետքարտուղար Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը և կոչ է արել նախագահ Ալիևին շարունակել ձեռնարկել իր ժամանակի մեջ և համաչափ քայլեր՝ խաղաղ գործընթացն աջակցելու համար։ Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը, այդ թվում սահմանների հստակ սահմանազատմանը, տրանսպորտային կապերի վերականգնմանը, անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանը և նույնականացմանը, կալանավորների վերադարձին և այլ հարցերին: Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը և երկու կողմերի միջև հրադադարը պահպանելու և բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ որպես կայուն խաղաղության միակ ճանապարհ»:

Բացի այդ իր թվիթերյան գրառման մեջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը այս հեռախոսազրևույցի մասին գրել է. «Խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ողջունելու համար Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում արձանագրված առաջընթացը և վերջին բախումներից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը: Բանակցային համաձայնագիրը տեւական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է Բլինքենը: