Հայաստանի վարչապետը Պրահայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին

Եվրոպական 44 երկրների ղեկավարները Պրահայում քննարկում են «նոր կարգն առանց Ռուսաստանի»

Եվրոպայի 44 երկրների և հարևան տարածաշրջանների առաջնորդները հավաքվել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գագաթնաժողովի համար՝ Ուկրաինայի պատերազմի և ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում:

Սա Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումն է։ Դրան մասնակցում են ԵՄ բոլոր երկրները, Մեծ Բրիտանիան, դաշինքին անդամակցելու թեկնածու երկրները, ինչպես նաև այն պետությունները, որոնք ԵՄ-ի հետ կապված են տնտեսական համաձայնագրերով և կիսում են ընդհանուր եվրոպական արժեքները։ Հրավերներ են ստացել Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, ինչպես նաև Թուրքիայի, Սերբիայի և մի շարք այլ ոչ ԵՄ երկրների ղեկավարները։ Հրավիրվածների թվում չկան Բելառուսն ու Ռուսաստանը։

Հիշեցնենք, որ Պրահայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գագթնաժողովի ընթացքում նախատեսվվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Թուրքիայ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ , ինչպես նաև վարչապետ Փաշինյանի քառակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ:

Այս նոր ձեւաչափ ստեղծելու գաղափարը պատկանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Նա այս նախաձեռնությամբ հանդես է եկել մայիսին։ Այնուհետև այն հաստատվել է ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ ԵՄ-ն ընդգծում է, որ խոսքը ոչ թե թեկնածու երկրների համար ԵՄ անդամակցության այլընտրանքի մասին է, այլ համագործակցության նոր ձեւաչափի։ «Հաշվի առնելով Ռուսաստանի սանձազերծած պատերազմի դրամատիկ հետևանքները, որն ազդել է եվրոպական երկրների վրա բազմաթիվ ճակատներում, մենք պայմանավորվել ենք ստեղծել եվրոպական քաղաքական համայնք՝ նպատակ ունենալով միավորել եվրոպական մայրցամաքի երկրները և ստեղծել քաղաքական համակարգման հարթակ», - ասել է Եվրոպայի խորհրդի նախագահը Շառլ Միշելը երկրների ղեկավարներին ուղղված իր հրավերում: Նրա խոսքով՝ գագաթնաժողովում կարող են քննարկվել անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, ներգաղթի հետ կապված հարցեր։

Պրահայում հանդիպման մեկնարկից առաջ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ դրա մասնակիցները կքննարկեն «առանց Ռուսաստանի նոր կարգի ստեղծման գաղափարը», իսկ հանդիպման փաստն արդեն հստակ ազդանշան է, որ Մոսկվան մեկուսացված է Ուկրաինայի դեմ ագրեսիա պատճառով: Ավելի վաղ Բորելը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր առանց պուտինյան Ռուսաստանի մասնակցության միասնական եվրոպական տարածք կառուցելու մասին գաղափարը։

Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական տարածքների անեքսիայի վերաբերյալ վերջին ելույթում խոսքը ոչ միայն Ուկրաինայի հետ տարածքային վեճերի կամ այն նվաճելու ցանկության, այլ «կոլեկտիվ Արևմուտքի» դեմ պայքարի մասին է, որին Պուտինը մեղադրել է ամեն ինչում՝ Դրեզդենի ռմբակոծումից մինչև սեռը փոխելու և սատանիզմի գործողությունների: Ըստ Բորելի՝ Պուտինի ելույթը ցույց է տալիս, որ նա փակել է երկխոսության ու դիվանագիտության դուռը և իր երկրի համար ընտրել է պատերազմի ու մեկուսացման ճանապարհը։ Բորելը նշել է, որ Պուտինը հերքել է հանգուցյալ Միխայիլ Գորբաչովի ժառանգությունը, ով առաջարկել է «ընդհանուր եվրոպական տան» գաղափարը։ «Տեսանելի ապագայում, հավանաբար, քանի դեռ Պուտինը մնում է իշխանության ղեկին, հնարավոր չի լինի զարգացնել անվտանգության նոր կառույց կամ «խաղաղության ճարտարապետություն» Եվրոպայում, որի մաս է կազմում պուտինյան Ռուսաստանը», - ասել է Բորելը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մնում է Եվրոպայի աշխարհագրական հարեւանը և հարաբերությունների միջազգային համակարգի մասնակիցը, սակայն այս պահին անհրաժեշտ է կառուցել եվրոպական քաղաքական հանրություն՝ առանց նրա մասնակցության։ Ինչպես նշում է Բորելը, խոսքը մի կառույցի մասին է, որի շրջանակն ավելի լայն է, քան ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն։

Հոկտեմբերի 7-ին Պրահայում տեղի կունենա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին նախատեսվում է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը։

Հոդվածը պատրաստվել է «Ազատություն» ռադիոկայանի նյութի հիման վրա