Պուտինի համար իրավիճակը վատթարագույնն է Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով. տեսակետ

Չարլզ Կուպչանը և Սթիվեն Սեստանովիչը անդրադարձել են Կրեմլի փակուղային իրավիճակին, միջուկային շանտաժին և Չինաստանի հետ հարաբերություններին

Վլադիմիր Պուտինը և նրա շրջապատը հուսահատության մեջ են. ռուսական բանակն այնքան էլ մարտունակ վիճակում չէ, և այս ամենը անորոշություն է ստեղծում իրավիճակում։ Ամերիկացի փորձագետները նման եզրահանգման են գալիս՝ վերլուծելով սեպտեմբերի վերջի-հոկտեմբերի սկզբի իրադարձությունները, երբ Ռուսաստանի ղեկավարությունը որոշեց անցկացնել զորահավաք և պաշտոնապես բռնակցել Ուկրաինայի այն տարածքները, որոնք մասամբ իր վերահսկողության տակ են։

Չարլզ Կուպչանը և Սթիվեն Սեստանովիչը Վաշինգտոնում գործող Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) կենտրոնի երկու առաջատար փորձագետներն են Ռուսաստանի հարցում: Նրանք հոկտեմբերի 3-ին իրենց տեսակետներն են հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ներկա իրավիճակի մասին: Պատերազմ, որը Ռուսաստանը տանուլ է տալիս: Այս փաստն իր անդրադարձն է ունենում ինչպես աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում: Առաջին անգամ երկրա տարին անց Ռուսաստանի ընդդիմությունը՝ ի դեմս Ալեքսեյ Նավալնիի շտաբի, սկսեց խոսել կազմակերպված բողոքի հնարավորության մասին։

Սթիվեն Սեստանովիչի խոսքերով, «վերջին շաբաթը Պուտինի իշխանության ամենավատ տարվա վատագույն ամսվա ամենավատ շաբաթն էր»։ Նա նշել է, որ Կրեմլում շփոթության նշաններից մեկը Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի անորոշ հայտարարությունն էր Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքների սահմանների մասին: «Նա ոչինչ չկարողացավ ասել այս կապակցությամբ՝ խոստանալով վերադառնալ այս հարցին ավելի ուշ, և միայն ասաց, որ իրենք այս շրջանների բնակիչների հետ պատրաստվում են քննարկել այդ հարցը»։

Կրեմլի այս խառնաշփոթը կապված է ուկրաինական ուժերի հաջող առաջխաղացման հետ, երբ Կիևն ազատագրում է հենց այն տարածքները, որոնք, ըստ ռուսական իշխանությունների, ժողովրդի ցանկությամբ միացել են Ռուսաստանին, սակայն իրականությունն այն է, որ ուկրաինական բանակին այնտեղ ողջունում են որպես ազատագրողի:

Your browser doesn’t support HTML5

Ըստ ամերիկացի վերլուծաբանների՝ Պուտինն այսօր ծանրագույն վիճակում է

Պուտինի հայտարարած զորահավաքը, ըստ փորձագետների, նույնպես իրականացվում է լիակատար շփոթության մթնոլորտում։ Այս ամենը, ասում է Սթիվեն Սեստանովիչը, ստիպում է Պուտինին խոսել այնպես, ինչպես նա կառուցեց իր ելույթը վերջերս Ռուսաստանին ուկրաինական տարածքների միացման ժամանակ: Նրա այդ ելույթը լի էր կեղծ պնդումներով, մանուպուլացված փաստարկներով և հիստերիայով: Նա ակնհայտորեն փորձում է այս պատերազմը հանրության համար վերածել Ուկրաինայի հետ պատերազմից Արևմուտքի դեմ պատերազմի, ընդ որում, պատերազմ, որը Արևմուտքը սանձազերծել է, ըստ նրա, Ռուսաստանը ոչնչացնելու համար:

Ռուս անկախ վերլուծաբանները վաղուց են խոսում դրա մասին: Ուկրաինա ժամանակակից զինատեսակներ մատակարարումից և ռուսական բանակում հսկայական կորուստներից հետո Մոսկվային անհրաժեշտ էր իր իսկ կողմից սանձազերծած պատերազմը ներկայացնել որպես ծանր առաքելություն, որպեսզի բնակչությունը մոռանա Կիևը երեք օրում գրավելու խոստումները։

Չարլզ Կուպչանը կարծում է, որ այժմ Պուտինը այլևս չի « ասի մարդկանց, որ հանգիստ շարունակեն զբաղվել իրենց գործերով, քանի որ այժմ պետությունը դռնեդուռ ծանուցագրեր է փոխանցում», և, հետևաբար, Պուտինը «ուժեղացնում է իր հռետորաբանությունը՝ արդարացնելու համար այն բոլոր զոհողությունների, որոնց ռուսները պետք է գնան հանուն այս պատերազմի»:

Փորձագետը դրանից եզրակացնում է. «Մենք պետք է լրջորեն վերաբերվենք լարվածության լուրջ աճի հավանականությանը, քանի որ եթե Պուտինը սկսի ներշնչել ռուսներին, որ դա սպառնալիք է Ռուսաստանի գոյությանը, ապա նա կարող է հայտնվել փակուղում իր յուրայինների հետ և որոշել վճարել այն գինը, որը համապատասխանում է «գոյության պայքարին»։ Արդյո՞ք դա նշանակում է միջուկային զենքի կիրառման հնարավորություն, ես չգիտեմ, պնդում է վերլուծաբանը:

Սթիվեն Սեստանովիչն իր հերթին չի բացառում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառումը կամ Սև ծովում միջուկային ցուցադրական պայթյունի հնարավորությունը՝ նշելով, որ եթե նախկինում այդ սցենարների հավանականությունը չափազանց փոքր էր՝ մոտ մեկ տոկոս, ապա այժմ դա դեռ քիչ հավանական է, բայց հավանականությունն արդեն, իմ կարծիքով, աճել է մինչև մոտ 10 տոկոսի։

«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել Արևմուտքի պատասխանը Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառման դեպքում, Չարլզ Կուպչանը ենթադրում է, որ ԱՄՆ-ը նույն կերպ չի պատասխանի, այլ կգործի Ուկրաինայի տարածքում ռուսական [ռազմական] թիրախների դեմ։ Նա չ զարմանա, եթե բացառապես ուկրաինացիների վրա հույս դնելու փոխարեն, ՆԱՏՕ-ի ուժերն իրենք, անշուշտ, կարողանան օդային հարձակում գործել ռուսական ռազմական դիրքերի վրա Ուկրաինայի արևելքում և, հնարավոր է, Ղրիմի վրա: Ակնհայտ է, որ կլինեն լրացուցիչ պատժամիջոցներ։ Նա կարծում է, որ միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի Ռուսաստանի գլոբալ մեկուսացմանը աշխարհից, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից: Դա միայն կուժեղացնի այն տրամադրությունները, որ այդ զարգացումը կործանիչ է Ռուսաստանի համար, և որ Ռուսաստանը կշարունակի ցած գլորվել միայնակ՝ առանց որևէ մեկի աջակցության»։

Իսկ ռուսները, պատրա՞ստ են դառնալ Պուտինի հռետորաբանության զոհը, որքանո՞վ են հավատում դրան։ Փորձագետները վկայակոչում են Քարնեգի հիմնադրամի իրենց գործընկեր Տատյանա Ստանովայի վերջին կարծիքը, ով եզրակացրեց, որ հենց ռուսական «էլիտայում» ոչ ոք լրջորեն չի հավատում, որ Արևմուտքը սպառնացել է Ռուսաստանի գոյությանը, և որ նրանք չեն հասկանում Պուտինի խոսքերը սատանիզմի և այլ օտարամոլ սարսափների մասին:

Սթիվեն Սեստանովիչը, այս կապակցությամբ, չի բացառում Պուտինի պաշտոնանկության հավանականությունը, և դրա արդյունքում նրա դեմ հեղաշրջման դավադրություն կարող է կազմակերպվել. «Չեմ կարծում, որ մենք դա պետք է սպասենք մոտ ապագայում: Բայց կասկած չկա, որ Պուտինն այժմ բախվում է նոր ներքաղաքական մթնոլորտի»։

Ըստ երևույթին, այս մթնոլորտի կարևոր ազդանշաններից են ինչպես Պուտինի ամենահավատարիմ մարդկանց, ինչպիսիք են «Վագներ»-ի սեփականատեր Եվգենի Պրիգոժինը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի արտահայտած մտքերը, այնպես էլ ռուսական զինկոմիսարիատների վրա նետվող մոլոտովյան կոկտեյլները։ Վաշինգտոնի փորձագետները, խոսելով Պուտինի խոցելիության մասին, ենթադրում են, որ այս ամբողջ իրադարձության արդյունքում Ռուսաստանն ինքը կարող է զարգանալ տարբեր ուղղությամբ, և դեռ վաղ է ասել, թե ինչ ուժեր կարող են գալ իշխանության ղեկին Կրեմլի ներկայիս սեփականատիրոջ լիակատար ձախողման դեպքում։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության լրագրող Դանիլա Գալպերովիչի նյութի հիման վրա