ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալիի հետ՝ «Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը» քննարկելու համար։
Նախապես չհայտարարված հանդիպման մասին հայտարարել է Սպիտակ տունը։ Հաղորդվում է, որ զրուցակիցները ընդգծել են այն փաստը, որ Թուրքիան դատապարտում է ուկրաինական տարածքների բռնակցման Ռուսաստանի գործողությունները։
Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Անկարան դեմ է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ: Թուրքիան քննադատել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և Կիևին մատակարարել մարտական անօդաչու սարքեր։
Հանդիպման ընթացքում Սալիվանը և Քալին քննարկել են նաև «աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, երկխոսության և դիվանագիտության կարևորությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում տարաձայնությունների կարգավորման գործում և դատապարտել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձը»,- ասվում է հայտարարության մեջ։
Սալիվանը գովասանքի խոսքեր է հղել Թուրքիային համաշխարհային պարենային անվտանգության բարելավմանն ուղղված ջանքերի վերաբերյալ՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը խթանելու և ուկրաինացի ռազմագերիներին և Ռուսաստանի կողմից պահվող ԱՄՆ երկու քաղաքացիներին գերությունից ազատելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանքներ տանելու համար, ասվում է հայտարարության մեջ:
Ստամբուլում Սալիվանը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ՝ խոստանալով Վաշինգտոնի շարունակական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Սալիվանի և Երմակի հանդիպման մասին ևս հայտնել է Սպիտակ տունը։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա