ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ևս 18 HIMARS տեսակի հրթիռային համալիրներ

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ 1,1 միլիարդ դոլարի անվտանգության նոր փաթեթի համար

Միացյալ Նահանգները Ուկրաինային կմատակարարի 18 HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգեր՝ որպես զենք զինամթերքի նոր փաթեթի մաս։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Պենտագոնն այսօր Ուկրաինային անվտանգության լրացուցիչ օգնություն է ուղարկել մոտ 1,1 միլիարդ դոլարի: Բացի 18 HIMARS համակարգերից, Կիևը կստանա նաև 150 HUMVEES բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաներ, 150 բանակային մարտական ավտոմեքենաներ, 40 բեռնատարներ, 80 կցասայլեր, 20 բազմաֆունկցիոնալ ռադարներ, անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու ռադարներներ:

Աղբյուրի համաձայն՝ այս տեսակի զինատեսակների գնումն ու առաքումը կտևի առնվազն երկու ամիս, իսկ որոշ դեպքերում առաքումը կարող է տևել մինչև 24 ամիս։ Սակայն, ըստ աղբյուրի, խոսքը երկարաժամկետ ներդրումների մասին է։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին չորեքշաբթի շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին ռազմական օգնության նոր փաթեթի համար։ «Մենք կստանանք ևս 18 HIMARS՝ այլ կարևոր սարքավորումներ, որոնք Ուկրաինային կմոտեցնեն հաղթանակին»: Շատ ժամանակին որոշում է, որը ցույց է տալիս, որ ռուսական շանտաժը չի աշխատում»։

Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ կապված ներկայիս իրավիճակը։ Ռուսական զորքերը վերջին շաբաթների ընթացքում շարունակել են թիրախավորված հարվածներ հասցնել, ասել է նա՝ ավելացնելով հարձակումները կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների, ամբարտակների և էլեկտրակայանների վրա:

Զրուցակցի խոսքով՝ զորահավաքի շրջանակներում բանակ զորակոչված առաջին ռուսներն արդեն հասել են Ուկրաինա։ Առայժմ նրանց թիվը համեմատաբար փոքր է։

Պենտագոնի խոսնակը նաև մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի՝ մարտավարական միջուկային զենք կիրառելու սպառնալիքը՝ ասելով, որ ԱՄՆ-ը «հստակ զգուշացրել է Մոսկվային, որ միջուկային զենքի ցանկացած կիրառում կհանգեցնի լուրջ հետևանքների»։