Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռուստատեսային ուղերձում հայտարարեց ռազմական մասնակի զորահավաքի մասին, որին նախորդել է ուկրաինական ուժերի հաջող գործողությունները հյուսիս-արևելյան Ուկրաինայում
«Մեր հայրենիքը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված տարածքներում մեր ազգի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել ՌԴ-ում մասնակի զորահավաք անցկացնելու պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի առաջարկները»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ զորահավաքում կընդգրկվեն շուրջ 300 հազար պահեստազորայիններ:
Պուտինը նաև վերահաստատել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի նպատակն է արևելյան Դոնբասի շրջանի «ազատագրումը»: Նա հավելել է, որ այնտեղի ժողովուրդը չի ցանկանում լինել Ուկրաինայի մաս:
Դոնբասում Մոսկվայի կողմից վերահսկվող Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատողական առաջնորդները երեքշաբթի ասել են, որ պատրաստվում են այս շաբաթվա վերջին անցկացնել հանրաքվե Ռուսաստանին միավորվելու նպատակով: Կասկած չկա, որ այս իրավիճակում անցկացվող քվեարկությունը կարձանագրի արդյունք ի օգուտ Մոսկվայի:
Պուտինը նաև մեղադրել է Արևմուտքին «միջուկային շանտաժի» մեջ և նշել. «Եթե վտանգվի մեր տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները, դա բլեֆ չէ»: ՌԴ նախագահը նաև հավելել է, որ նրանք, ովքեր «միջուկային շանտաժ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության դեմ, պետք է հիշեն, որ վարդի քամիները կարող են շրջվել նրանց ուղղությամբ»։
Իսկ այդ ընթացքում աշխարհը մեկնաբանում է Պուտինի որոշումը զորահավաքի մասին որպես Ռուսաստանի ձախողման նշան է: Արեւմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները միակարծիք են, որ Պուտինի այս որոշումը վկայում է Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական սցենարի ձախողման մասին։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը ևս գտնում է, որ Ռուսաստանի ղեկավարի որոշումը ձախողման նշան է։ «Ֆիկտիվ հանրաքվեները և մոբիլիզացիան թուլության, Ռուսաստանի ձախողման նշաններ են։ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի ռուսական հավակնությունները ուկրաինական տարածքների նկատմամբ, որոնք իբր բռնակցված են»,- նշում է դիվանագետը։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը կանխատեսելի է անվանել Պուտինի կոչը։ «Ամբողջությամբ կանխատեսելի վերաբերմունք, ավելի շատ նման է սեփական անհաջողությունն արդարացնելու փորձին», - ասաց նա Reuters-ին: «Պատերազմն ակնհայտորեն չի ընթանում ռուսական սցենարի համաձայն, և դա պահանջել է Պուտինից ընդունել չափազանց ոչ պոպուլյար որոշումներ զորահավաք անցկացնելու և մարդկանց իրավունքները խստորեն սահմանափակելու մասին»:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջիլիան Քիգանը կարծում է, որ Պուտինի խոսքերին պետք է լուրջ վերաբերվել։ «Իհարկե, մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք դրան, քանի որ մենք չենք տիրապետում իրավիճակին: Եվ ես վստահ չեմ, որ նա վերահսկում է դա: Ակնհայտ է, որ սա էսկալացիա է»,- ասել է նախարարը Sky News-ին։
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը իր հերթին Ռուսաստանում զորահավաքը սխալ քայլ է անվանել, իսկ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան Պուտինի հրամանագիրն անվանել է հետագա սրացում։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն զորահավաքի հրամանը համարում է Կրեմլում խուճապի նշան, որը չպետք է ընկալվի որպես Արևմուտքի հետ համապարփակ պատերազմի ուղղակի սպառնալիք: «Զորահավաքը, Դոնեցկում հանրաքվե անցկացնելու կոչերը խուճապի նշաններ են: Նրա (Պուտինի) հռետորաբանությունը միջուկային զենքի մասին մի բան է, որը մենք նախկինում բազմիցս լսել ենք, և մնացել անտարբեր»,- ասել է Ռյուտեն հոլանդական NOS հեռուստաալիքին:
«Այս ամենը մեզ հայտնի հռետորաբանության մի մասն է: Խորհուրդ կտամ հանգստություն պահպանել»,- եզրափակել է Ռյուտեն: