Ռուսաստանը հյուծվում է ու արդեն հասկանում, որ պատերազմն Ուկրաինայի դեմ, եւ փաստորեն` նաեւ ընդդեմ Արեւմուտքի, հարկավոր է ավարտել: Եվ այդ միտքը Պուտինն արտահայտում է իր բարեկամ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: ‘’Մեր վերջին հանդիպման ժամանակ ես ստացա տպավորություն այն մասին, որ նա ցանկանում է հնարավորին չափ շուտ վերջ տալ դրան’’, ասել է Էրդողանն ու նշել, որ ամեն ինչ ‘’բավականին խնդրահարույց է Ռուսաստանի համար’’։
Հիշեցնենք, որ ուկրաինական բանակը պատերազմի յոթերորդ ամսվա ընթացքում շարունակում է լայնածավալ տարածքներ ազատագրել ռուսական ուժերից, ինչը Մոսկվայում առաջ է բերում շփոթմունք, իսկ Եվրոպական միությունում հնչում են Ռուսաստանի նախագահին միջազգային դատարանի առջեւ կանգնեցնելու կոչեր: Այդ պատճառով Մոսկվայի վերահսկողության տակ մնացած հատվածներում մշակվում են Ռուսաստանին միանալու հարցով շուտափույթ հանրաքվե անցկացնելու ծրագրեր:
Իսկ ճակատում ռուսական ուժերն իրականացնում են անխոհեմ քայլեր, որոնք նմանվում են վանդակում հայտնված արջի շփոթված ու կատաղած շարժումներին, ասում են վերլուծաբաններն ու բերում Ուկրաինայի Միկոլայի շրջանում գտնվող ատոմակայանի ուղղությամբ արձակված հրանոթային կրակի օրինակը:
Ըստ ուկրաինական ‘’Էներգոատոմ’’ ընկերության հաղորդած տվյալների, արկը պայթել է էներգաբլոկներից 300 մետր հեռավորության վրա՝ թողնելով խորը փոս։ Պայթյունից վնասվել են էլեկտրակայանի շենքերը: Ատոմակայանի ռեակտորները, բարեբախտաբար, մնացել են անվնաս։
Աշխարհը վերջերս ծայրահեղ անհանգստությամբ էր հետեւում Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ընթացող մարտերին, մարտեր, որոնք միջազգային հանրությունը բազմիցս է դատապարտել` դրանք համարելով ողջախոհության չափանիշներին ծայրահեղ կերպով հակասող գործողություններ:
Հիշենք, որ հարեւան երկիր ռազմական ներխուժումից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը հրամայեց Ռուսաստանի Դաշնության միջուկային ուժերը տեղափոխել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ: Պուտինն այն ժամանակ հայտարարում էր, թե նման հրաման է արձակել ՆԱՏՕ-ի կողմից հնչող ‘’ագրեսիվ հռետորաբանությանն’’ ի պատասխան:
CBS-ի լրագրողի հարցին, թե ինչ կասի Պուտինին, եթե վերջինս նման զենքի կիրառման հրաման տա, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատասխանել է` երեք անգամ կրկնելով. ‘’Նման բան չանես’’: Նման գործողություններն անշրջելիորեն կփոխեն իրադրությունն աշխարհում, ասել է նա: Իսկ, թե ինչ կանի ԱՄՆ-ը, եթե Պուտինն իրոք որոշի գնալ նման քայլի, Սպիտակ տան ղեկավարն, առանց մանրամասնելու, ասել է, որ դա անհետևանք չի մնա: ‘’Նրանք աշխարհում ավելի անտեսված ու իրավազուրկ կդառնան, քան երբեւէ’’, ասել է Բայդենը:
Իսկ արդյո՞ք Ռուսաստանն իրոք կարող է դիմել միջուկային զենքի օգնությանը: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խուսափելով տալ ուղիղ պատասխան, լրագրողներին ասել է, ‘’լավ կլիներ ուսումնասիրել Ռուսաստանի ռազմական դոկտրինը’’:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտական հաստատության վերլուծաբան Պետր Թոփիչկանովը «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. ‘’Քանի որ զինված դիմակայությունը շարունակվում է, անկանխատեսելիության մակարդակը, թե ինչպես կարող են իրադարձությունները հետագայում զարգանալ, մնում է բարձր: Դա կարող է բացել միջուկային սցենարների իրականացման դարպասները’’, ասել է նա:
Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ ի տարբերություն պատերազմի սկզբնական շրջանում Արեւմուտքի ավելի նկատելի զսպվածությանը, այն այժմ ավելի վստահ կերպով է Ուկրաինային օգնում զենքով ու մարզումներով, ցույց տալով, որ արդեն անտեսում է միջուկային զենքի դիմելու Ռուսաստանի սպառնալիքները:
Պուտինը մարտավարական միջուկային զենք կարող է կիրառել միայն Ղրիմի կորստի իրական սպառնալիքի դեպքում, քանի որ այդ դեքպում է, որ նրա իշխանությունը կհայտնվի մեծ վտանգի ներքո: Այս մասին է ասում քաղաքագետ Կոնստանտին Էգերտը։ Նրա կարծիքով՝ որեւէ այլ դեպքում Ռուսաստանի նախագահը չի համարձակվի գնալ նման քայլի՝ «թեկուզ անապատային տարածքում»։
‘’Նա հիանալի գիտի, թե ինչպիսի արձագանք կհետևի հավաքական Արևմուտքից’’, ասում է նա ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ու հիշեցնում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի այն խոսքերը, որ Պուտինն այդ մասին մտածելու իրավունք անգամ պիտի չունենա: Վստահ եմ, որ Կրեմլը ճիշտ է որսացել այդ ազդանշանը, քանի որ լավ է հասկանում, որ Ջոնսոնի հայտարարությունը համաձայնեցված է Վաշինգտոնի հետ։ Ուստի ինձ թվում է, որ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը չափազանց քիչ հավանական է’’, ասում է վերլուծաբանը։
Վերլուծաբաններն ու ռազմագետները գրեթե միակարծիք են այն հարցում, որ Պուտինը երբեք չի կռվել ու չի կռվի նրանց դեմ, ովքեր իրենից ակնհայտորեն ուժեղ են։ Եվ Ռուսաստանի կողմից նույնիսկ ռազմավարական միջուկային զենքից անհամեմատ ավելի փոքր եւ հիմնականում փորձնական համարվող մարտավարական միջուկային զենքի օգտագործումը ՆԱՏՕ-ն կընկալի որպես պատերազմ հայտարարելու ակտ:
Իսկ դա կանխատեսում է շատ ավելի հզոր պատասխան` ընդդեմ Մոսկվայի, հանուն` արդարության: