Ներկայացուցիչների պալատն ընդունել է պատժամիջոցների մասին օրինագիծը Նավալնիի հիմնադրամի ցուցակով 

Ցուցակում կա 198 մարդ։ Ինչպես պարզաբանել է Նավալնիի ստեղծած հիմնադրամը, այն հիմնված է 200 մարդուց բաղկացած ցուցակի վրա, որը նախկինում պատրաստվել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների և կրեմլամետ լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծը, որոնք նախկինում ընդգրկված էին «200 պատերազմ բրահրողների» ցուցակում, որը պատրաստել էին Ալեքսեյ Նավալնիի համախոհները Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամից (ԿՊՀ):

Կոնգրեսական Թոմ Մալինովսկու կողմից ներկայացված օրինագիծը նախագահ Ջո Բայդենի վարչակազմից կպահանջի քննարկել ցուցակում հայտնված մարդկանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը և Կոնգրեսին տեղեկացնել, թե արդյոք այդ անձանց դեմ անհրաժեշտ են պատժամիջոցները:

Ցուցակում կա 198 մարդ։ Ինչպես պարզաբանել է ԿՊՀ-ը, այն հիմնված է Բրիտանիայի ԱԳՆ-ի համար նախկինում պատրաստված 200 մարդուց բաղկացած ցուցակի վրա, սակայն դրանում մի շարք փոփոխություններ են կատարվել, քանի որ «բրիտանական» ցուցակից մի քանի անձ արդեն ԱՄՆ պատժամիջոցների տակ են։

Առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել, ի թիվս այլոց, գործարար Ռոման Աբրամովիչի, Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էռնստի, RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի, դերասան Մարատ Բաշարովի, երգիչներ Նիկոլայ Բասկովի, Օլեգ Գազմանովի և Ֆիլիպ Կիրկորովի, դիրիժոր Վալերի Գերգիևի, Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի, Սվետլանա Կրիվոնոգիխի, որին լրատվամիջոցները անվանում են Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերուհի, Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինի, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի, մեդիա մենեջեր Քրիստինա Պոտուպչիկի, Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի նկատմամբ:

Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատվի Սենատում և ստորագրվի նախագահի կողմից։

Ավելի վաղ ԿՊՀ-ը պատրաստել էր 6000 մարդուց բաղկացած ցուցակ, որոնց Նավալնիի համախոհները համարում են պատերազմ հրահրողներ։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա