Ռուսական իշխանություններն ընդլայնում են «սեւ ցուցակները»

Ալլա Պուգաչովան դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն՝ խնդրելով իրեն ընդգրկել «իր սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքերը»՝ ի համերաշխություն Մաքսիմ Գալկինի հետ։ Այս մասին երգչուհին գրառում է արել Instagram-ում։

«Խնդրում եմ ինձ ընդգրկել իմ սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքեր, որովհետև ես համերաշխ եմ իմ ամուսնու հետ, ազնիվ, պարկեշտ և անկեղծ մարդու, Ռուսաստանի իսկական և անկաշառ հայրենասերի, ով հայրենիքին մաղթում է բարգավաճում, խաղաղություն, կյանքը, խոսքի ազատություն և մեր տղաների մահերի դադարեցում պատրանքային նպատակների համար, որոնք մեր երկիրը դարձնում են վտարանդի և դժվարացնում մեր քաղաքացիների կյանքը»,- ասել է Ալլա Պուգաչովան։
Նշենք, որ նամակը մեջբերած ռուսական լրատվամիջոցները մեծ մասամբ չեն համարձակվել մեջբերել նրա ուղերձի եզրափակիչ մասը։

Ինքը՝ Մաքսիմ Գալկինն ավելի վաղ անհիմն է անվանել Ռուսաստանի արդարադատության նախարարության որոշումը՝ իրեն «օտարերկրյա գործակալ» ճանաչելու մասին, իբր իր քաղաքական գործունեության համար։

«Ես խղճի հետ առևտուր չեմ անում», - գրել է Գալկինը Instagram-ում։

Անհատների՝ «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում, որտեղ Գալկինն արդեն 23-րդն է, նրա հետ միասին ընդգրկված են մի խումբ հայտնի մշակութային գործիչներ՝ երաժիշտներ Անդրեյ Մակարևիչը, Բորիս Գրեբենշչիկովը, գրող Բորիս Ակունինը, կինոռեժիսոր Վիտալի Մանսկինը եւ ուրիշներ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մաքսիմ Գալկինի և Կրեմլի գետերը նույն հունով չեն հոսում։ Ուկրաինայում ռուսական միջամտության հենց սկզբից Գալկինը դատապարտել է պատերազմը։

Իշխանությունները փորձում են մարդկանց ցույց տալ, որ իրենց համար «անձեռնմխելիներ» չկան, և նույնիսկ հանրաճանաչ ֆավորիտներին սպասում է պատիժ, եթե այդպես որոշեն վերևները, ասում է Եժեդնևնի Ժուրնալի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը։

Մաքսիմ Գալկինը իրեն շատ ազատ խոսքեր թույլ տվեց՝ ելույթ ունենալով արտերկրում իր համերգների ընթացքում, ուստի որոշում կայացվեց պատժել նրան բացահայտ կերպով: Ալեքսանդր Ռիքլինն կարծում է, որ դժվար թե այս ամենը վերաբերվի նաև Պուգաչովային։ Չնայած, կարծում եմ, որ Ալլա Բորիսովնան ոչ մի դեպքում չի լռի, կարծում է նա։

Այս պատմությունը ցույց է տալիս նաև իշխանությունների զայրույթը, որոնք տեսնում են, որ չնայած բոլոր ռեպրեսիաների, Կրեմլի քաղաքականությանը դեմ արտահայտվողների թիվն առանձնապես չի նվազում, նշում է լրագրողը: Բացի այդ, իշխանություններն իրենք են կենտրոնանում այն մարդկանց վրա, ովքեր հրապարակայնորեն հայտարարում են Կրեմլի քաղաքականության հետ իրենց անհամաձայնության մասին, ամփոփում է «Եժեդնևնի Ժուրնալ»-ի գլխավոր խմբագիրը։

Պետք չէ հատուկ տրամաբանություն փնտրել տեղի ունեցողի մեջ, իր հերթին կարծում է սոցիալական հոգեբան Ալեքսեյ Ռոշչինը։ Նրա կարծիքով, այն, ինչ հիմա տեղի է ունենում, կարծես «ուշացած արձագանք» լինի։

«Դրա մի մասը վրեժ է բոլոր տեսակի այլախոհների նկատմամբ, վրեժ, որը նախկինում հնարավոր չէր իրականացնել»,- պարզաբանում է «Ամերիկայի ձայնի» աղբյուրը։ - Չէ որ ժամանակին Ռուսաստանում պայքար էր գնում երկու ճամբարների՝ լիբերալների և ուժայինների միջև, որոնք ամբողջ ուժով փորձում էին սեղմել պտուտակները։ «Լիբերալ» կառավարությունը զսպում էրև ուժայինների ազդակները մինչև Ուկրաինայի դեմ պատերազմը, որից հետո լիբերալ ճամբարը ջախջախվեց և դադարեց գոյություն ունենալուց:

Եվ այժմ ուժայինները, ինչպես ասում են, «հասել են գագաթնակետին», - ընդգծում է Ռոշչինը, - «Քանի որ նրանց երևակայության և ստեղծագործության հետ կապված իրավիճակը այնքան էլ լավ չէ, և նրանց մտավոր հորիզոնները շատ սահմանափակ են, նրանք դա անում են արժանի եռանդով: Ինչ վերաբերում է Գալկինին, ապա սա նույնպես վրեժխնդրության դրսեւորում է ոչ միայն և ոչ այնքան նրա հակապատերազմական ելույթների, որքան Պուտինի նախկինում ցուցադրված պարոդիաների համար։ Նա բավականին դաժանորեն ծաղրեց նախագահին: Սկզբում չէին համարձակվում ճնշել նրան, բայց հիմա եկել է ժամանակը»։

Կարծես թե իշխանությունները որոշել են ամբողջությամբ հրաժարվել բանականությունից և ազատություն տալ բնազդներին, գտնում է սոցիալական հոգեբանը։

«Բացի այդ, նրանք ակնհայտորեն չեն կարող զսպել իրենց գրգռվածությունը։ Պարզ է, որ ամեն ինչ սխալ է ընթանում։ Ուստի իշխանություններն անցնում են բավականին ռեֆլեքսային և իռացիոնալ գործողությունների։ Դա նման է մի իրավիճակի, երբ մթության մեջ գտնվող մարդը պայքարում է իր վրա հարձակվող հրեշների դեմ, որոնք չկան: ԲԱցի այդ, նրանք եռանդով օտարերկրյա գործակալների կոչում են շնորհում նրանց, ովքեր արդեն դրսում են և կարծես թե ուղղակի վտանգ չեն ներկայացնում ռեժիմին։ Սա խոսում է նրա մասին, որ իշխանությունները կտրականապես չեն ցանկանում անվստահելի, իրենց տեսանկյունից, շրջանակի վերադարձ տուն», - եզրափակում է Ալեքսեյ Ռոշչինը:

Ավելի ուշ Ռուսաստանի պետական լրատվամիջոցների տեղեկության համաձայն, Ռուսաստանի իրավապահները հետաքննություն են սկսել Ալլա Պուգաչովայի նկատմամբ՝ բանակը «վարկաբեկելու» կասկածանքով: Քննությունը կապված է սոցցանցերում Պուգաչովայի կատարած գրառման հետ, որում նա խնդրում է Ռուսաստանի արդարադատության նախարարությանը իրեն ընդգրկել «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում եւ քննադատում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ:

Հոդվածի հեղինակ Վիկտոր Վլադիմիրով