Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Երևանում, «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իր ելույթի ժամանակ:
Փելոսին նախ ընդգծեց, որ ինքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, ով այցելում է Հայաստան: «Ես հիմա կանգնած եմ երկու երկրների դրոշների մեջտեղում, սա փաստում է Հայաստանի հետ մեր գործընկերությունը»,-նշեց Փելոսին:
Նա ԱՄՆ Կոնգրեսի անունից շնորհավորանքներ հղեց Հայաստանին՝ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ:
«Մենք երկրի (հեղ.-կոնգրեսականները) այնպիսի հատվածներից են ընտրված, որտեղ ամերիկահայերը շատ մեծ թիվ են կազմում: Նրանք հայրենասեր ամերիկացիներ են և շատ հպարտ են իրենց հայկական ծագումով: Նրանք այդ մասին մեզ շատ հստակ ասել են: Մենք հետևում ենք հայաստանյան մարտահրավերներին՝ նաև մեր ընտրողների աչքերով»,- նշեց խոսնակը:
Նա ընդգծեց՝ շատ հպարտ են, որ ի վերջո կարողացան ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: «Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է, և մենք հպարտ ենք, որ նա ստորագրեց բանաձևը, ինչպես նաև ՀՀ վարչապետին հրավիրեց ժողովրդավարության գագաթնաժողովին, որը շատ կարևոր իրադարձություն էր: Այստեղ եմ ես՝ ասելու, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը: Եվ մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք, երբ պայքար է ընթանում ժողովրդավարության և բռնապետության միջև։ Հայաստանն այն վայրն է, որտեղ մենք կարող ենք այս հակասություններին ականատես լինել»,-ասաց Փելոսին:
Ըստ խոսնակի՝ իր այցը Հայաստան նախատեսված էր ավելի վաղ՝ անցյալ շաբաթվանից:
«Սակայն այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խստորեն դատապարտել Ադրբեջանի անընդունելի, սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությանը: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին: ԱՄՆ-ը վաղուց նշել է, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»,- ասաց Փելոսին:
Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ը հետևում է այս խնդրին, նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է:
«Մեր պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության, տնտեսության հետ կապված հարցերը»,-նշեց Ներկայացուցիչների պալատի խոսնակը: