Յեյլ համալսարանի մի խումբ տնտեսագետներ հրապարակել են հետազոտություն Ռուսասատանի՝ այսօրվա տնտեսական վիճակի մասին: Ամերիկայի ձայնը զրուցել է զեկույցի հեղինակներից երկուսի հետ
Շուրջ մեկ հազար օտարերկյա ընկերությունների հեռացումը Ռուսասատանից ու պատժամիջոցների կիրառումը Մոսկվայի նկատմամբ Ուկրաինա ներխուժելու պատճառով թե կարճաժամկետում և թե երկարաժամկետ զգալի հարված է հասցնում ՌԴ տնտեսությանը: Այս եզրկացությանն է հանգում ամերիկյան հայտնի Յեյլ համալսարանի մի խումբ տնտեսագետների կատարած հետազոտությունը, որը ուսումնասիրել է Ռուսաստանի տնտեսական վիճակը պատժամիջոցների կիրառումից հետո:
Յեյլի համալսարանի Chief Executive Leadership ինստիտուտի հիմնադիր և նախագահ, պրոֆեսոր Ջեֆֆրի Սոննենֆելդի կարծիքով Ռուսաստանի ղեկավարության և քարոզչամեքենայի պնդումները ռուսական տնտեսության բարվոք վիճակի մասին իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա՝ շուրջ մեկ հազար Ռուսաստանից դուրս եկած ընկերությունների ու երկրի տնտեսական իրավիճակի խորը ուսումնասիրությունը տալիս է հակառակ պատկերը:
«Շատ լրագրողներ, հատկապես Արևմուտքում, Վլադիմիր Պուտինի որոշ քարոզչությունը ընդունել են որպես ճշգրիտ վիճակագրություն և հանգել այն եզրակացությունների, որ, միգուցե Ռուսաստանը այնքան էլ չի տուժում այս իրավիճակից, այլ, միգուցե, ավելի տուժել է Արևմուտքը: Իրականում վիճակը ճիշտ հակառակն է»,- ասում է նա:
Ըստ հետազոտության եզրահանգումների՝ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը կորցրել է իր դիրքերը որպես էներգակիրների վստահելի արտահանող: Ըստ Յեյլի համալսարանի հետազոտության՝ Ռուսաստանը շատ ավելի կախված է Եվրոպայից և Արևմուտքից իր էներգակիրների արդյունահանման և վաճառքի առումով, քան եվրոպական պետությունները: Դա վերաբերում է ինչպես գազի տարանցմանն, այնպես էլ նավթի վաճառքին ու արդյունահմանը:
Your browser doesn’t support HTML5
«Եվրոպային շատ ավելի քիչ է անհրաժեշտ ռուսական գազը, քան այն անհրաժեշտ է Ռուսաստանին վաճառքի համար: Այսօր արդեն Հյուսիսային Ամերիկայից մեծացել է գազի ներհոսքը դեպի Եվրոպա, որը նվազեցնում է կախվածությունը Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանը չի կարող գազի վաճառքի կտրուկ շրջադարձ անել դեպի Արևելք, քանի որ դրա համար անհրաժեշտ են խողովակաշարեր, իսկ համապատասխան ենթակառուցվածք Չինաստանի և Ռուսաստանի միջև չկա»,- ասում է Սոննենֆելդը:
«Ռուսաստանի համար ուղղակի անիրագործելի է դեպի արևելք շրջադարձը, երբ խոսքը վերաբերում է էներգակիրների արտահանմանը: Սա Պուտինի տնտեսական ռազմավարության ամբողջ հիմքն է: Եթե ծանոթանաք նրա ելույթներին, ապա կթվա, որ Ռուսաստանը կարող է փոխարինել եվրոպական շուկան ամբողջությամբ։ Բայց իրականությունն այն է, որ ամեն անգամ, սպառողների համար շատ ավելի հեշտ է փոխարինել կորսված մատակարարումը, քան արտադրողների համար նոր շուկա գտնելը վաճառքի համար»,- ասում է Chief Executive Leadership ինստիտուտի հետազոտության տնօրեն Սթիվեն Թիանը:
Տնտեսագետները համակարծիք են, որ արտաքին պատժամիջոցնների ազդեցությունը ակնհայտ է, սակայն դրա ազդեցությունը տեսանելի կդառնա ժամանակի ընթացքում:
«Ռուսաստանը ունի շատ ցածր արտաքին պարտք, ինչպես նաև զգալի քանակությամբ արժութային պահուստներ։ Հետևաբար, որևէ արտաքին դերակատարի կողմից անհնար է մեկ գիշերում ֆինանսական կամ տնտեսական ճգնաժամ առաջացնել: Որևէ տնտեսական ճնշման արշավ, որքան էլ այն ավերիչ լինի, չի կարող հանգեցնել տնտեսական կոլապսի մեկ գիշերում, սակայն բիզնեսների հեռացումը, զուգորդված պատժամիջոցներով, ժամանակի ընթացքում կառուցվածքային առումով Ռուսաստանի տնտեսությունը կդեգրադացնի»,- ասում է պրոֆեսոր Թիանը:
Յեյլ համալսարանի հրապարակած հետազոտության կարծիքով՝ Ռուսաստանը ի վիճակի չէ փոխարինել կորսված բիզնեսները ու ապրանքատեսակները, իսկ օտար ընկերությունները, որոնք հեռացել են Ռուսաստանից, կազմում էին երկրի տնտեսության ՀՆԱ-ի մոտ 40%-ը: Արդյունքում, կորսվել են գրեթե երեք տասնամյակ կուտակած օտարերկրյա ներդրումները և տնտեսական բազան:
«Նրանք շատ բան չեն կարող արտադրել: Ահա թե ինչու էին այնտեղ այն բոլոր ոչ ռուսական ընկերությունները: Ահա թե ինչու ՌԴ-ի տնտեսության շուրջ 40 տոկոսը գտնվում էր ոչ ռուսական ընկերությունների ձեռքում, քանի որ նրանց անհրաժեշտ է միջազգային փորձառությունը...Ռուսների համար կարևոր է գիտակցել, որ նրանք զոհեր չեն և աշխարհը դաժան չէ նրանց հանդեպ: Ռուսաստանի ամենամեծ թշնամին Վլադիմիր Պուտինն է: Դա է անհրաժեշտ գիտակցել նրանց»,- ասում է պրոֆեսոր Սոննենֆելդը:
Յեյլ համալսարանի հրապարակած հետազոտության մեջ շեշտվում է՝ ի հեճուկս Պուտինի ցանկության, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ խորհրդային ժամանակաշրջանի տնտեսական ինքնաբավ վիճակին, վերջին երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը դարձել է խիստ գլոբալիզացված՝ զգալիորեն հենվելով արևմտյան տեխնոլոգիաների և միջազգային մատակարարման շղթաների վրա, և, հետևաբար, դարձել ավելի խոցելի արտաքին ցնցումների և խափանումների նկատմամբ:
Պրոֆեսոր Սոննենֆելդն ու Թիարը համակարծիք են, որ Ռուսաստանի համար դժվար է լինելու տեխնոլոգիական շրջադարձ կատարել դեպի Չինաստան և Հնդկաստան, քանի որ վերջիններս միշտ չէ, որ տիրապետում են համապատասխան տեխնոլոգիաների և բացի այդ, մեծ չափով կախված են ամերիկյան և արևմտյան շուկաներից և կխուսափեն երկրորդական պատժամիջոցներից: