Մատչելի հղումներ

ԱՄՆ դոլարը մեծ առավելություն է ցուցաբերում աշխարհի այլ արժույթների նկատմամբ


Սա կարող է լավ նորություն լինել ԱՄՆ սպառողի համար, քանի որ երկրում տեղական ապրանքների գները գնալով աճում են:

ՎԱՇԻՆԳՏՈՆ – Այս ամառ ԱՄՆ դոլարը մեծ աճ է գրանցել աշխարհի այլ արժույթների նկատմամբ՝ համեմատվելով եվրոի և ճապոնական իենի հետ: Դոլարի այս կտրուկ աճը զգացվում է թե՛ ԱՄՆ-ում թե՛ ԱՄՆ-ից դուրս:

Դոլարի հզորությունը զգացվում էր անցյալ տարվանից, բայց այն հատկապես սկսել է արագ աճը այս ամառ, ինչը մի քանի որոշումների հետևանքն է: Պատճառներից մեկը տոկոսադրույքները բարձրացնելու ԱՄՆ կենտրոնական բանկի որոշումն է՝ գնաճի դեմ պայքարելու համար: Հաջորդ պատճառը համաշխարհային ներդրողների կողմից ակտիվների փոխանցումն է ԱՄՆ, որը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առավել ապահով տարբերակ է դարձել շատերի համար:

Դոլարի ամրապնդման ամենակարևոր շարժիչ ուժը «Federal Reserve System»-ի (FRS) նոր տոկոսադրույքի քաղաքականությունն է։

Տարեսկզբին այն եղել է 0-0,25 տոկոսի միջակայքում, սակայն դրանից հետո աճել է երեք անգամ և այժմ գտնվում է 1,50-1,75 տոկոսի սահմաններում: Մեծ է հավանականությունը, որ հետագայում կգրանցվի ավելի մեծ աճ:

Քանի որ զարգացած երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում, տոկոսադրույքները շատ ցածր են և Եվրոպական կենտրոնական բանկը չի շտապում բարձրացնել դրանք, FRS-ի կողմից դրամական միջոցների խստացումը ավելի գրավիչ է դարձնում դոլարային ավանդները ԱՄՆ-ի տոկոսաբեր հաշիվներում պահելը: Այդ պատճառով էլ դոլարի արժեքը աշխարհի այլ արժույթների նկատմամբ գնալով աճում է:

Շատ զարգացած երկրների միջազգային ներդրողներ իրենց ակտիվները տեղափոխում են ԱՄՆ նաև այլ պատճառներով, որոնցից մեկն է ԱՄՆ-ի ապագա տնտեսական աճի առավել դրական գնահատականները: Այդ ամենը մասնավորապես տեղի է ունենում Եվրոպայում՝ ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած անորոշության հետևանքով։

Ռուսաստանը, որը իր ագրեսիայի պատճառով խիստ պատժամիջոցների է ենթարկվել Արևմուտքի կողմից, վերահսկում է բնական գազի զգալի մասը: Այս գազը Եվրոպան օգտագործում է գործարանները սնուցելու և տները տաքացնելու համար: Սակայն այդ մատակարարումների սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսական աճի վրա։

«Մեր երկիրը ապահով ապաստարան է», - ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից Ուիլյամ Ռայնշը: «Մենք ունենք կայուն և վստահելի արժույթ և վտանգի տակ չենք դնում մարդկանց բանկային հաշիվները»:

Դոլարի աճը նաև նշանակում է, որ շատ այլ երկրներից ներկրվող ապրանքներ նույնպես էժանացել են, քամի որ նրանց արժույթը դոլարի նկատմամբ ավելի ցածր է։

Գնաճի դժվար ժամանակաշրջանում ներմուծման ավելի ցածր ծախսերը որոշակի թեթևացում են բերում ԱՄՆ սպառողի համար:

Հոդվածը պատրաստվել է Ռոբ Գարվերի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG